Տրանսպորտային ենթակառուցվածքների հարցում Հայաստանի և Ադրբեջանի շահերը հատվում են. փոխարտգործնախարար

Այս երկու օրվա ընթացքում շատ է խոսվել խաղաղության և դրա հաստատման գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրման մասին, բայց արդյո՞ք գոյություն ունի խաղաղություն առանց զարգացման: Մեր դեպքում այդ երկու հասկացությունները լրացնում են միմյանց։ Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ դրա մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

«Զարգացումը տեղի է ունենում, երբ հաստատվում է խաղաղություն: Հարավային Կովկասում տիրող իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ զարգացման հսկայական ներուժ կա՝ սկսած տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումից և տարածաշրջանային տրանսպորտային ցանցի ապաշրջափակման մասին համաձայնագրերի իրագործումից, մինչև TRIPP նախագծի շրջանակում նոր լոգիստիկ երթուղիների ստեղծում: Եվ հակառակը՝ զարգացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը»,- նշել է նա։

Ըստ նրա՝ տրանսպորտային ենթակառուցվածքն այն կետն է, որտեղ հատվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերը։

«Այն խաղաղություն է ապահովում և կդառնա զարգացման, հետագա ինստիտուցիոնալացման ու խաղաղության ամրապնդման համար նախապայման։ Մեր անկախության վերջին 30 տարիների ընթացքում մեր հասարակությունը չի տեսել այդ խաղաղությունը։ Մենք չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության մեջ, և պետք է դա սովորենք»,- եզրափակել է Աբիսողոմոնյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *