Բրունեյի սուլթանն անձամբ է վարել ինքնաթիռը ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին ժամանելիս

Բրունեյ Դարուսալամի սուլթան Հասանալ Բոլկիահն անձամբ է վարել սեփական ինքնաթիռը, որով ժամանել է Ֆիլիպիններ՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրա մասին հայտնել է ֆիլիպինյան PNA գործակալությունը։

Սուլթանը վայրէջք է կատարել Սեբու քաղաքի ավիաբազայում մայիսի 6-ի երեկոյան։ Ինքնաթիռում նրա հետ եղել է նաև որդին՝ արքայազն Աբդուլ Մատինը։ Այցի շրջանակում Բոլկիահը կմասնակցի գագաթնաժողովին և մի շարք այլ հանդիպումների Սեբու նահանգում։

Գործակալությունը հիշեցնում է, որ սուլթանը փորձառու արտոնագրված օդաչու է։ Իր շքեղ Boeing-747-ի ղեկին նա արտերկիր է թռել նաև նախկինում. 2008 և 2012 թվականներին՝ Հնդկաստան, 2013 թվականին՝ Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման։ 2024 թվականին նա վարել է տեղական Royal Brunei Air ավիաընկերության ինքնաթիռը և վայրէջք կատարել Արևելյան Թիմորի մայրաքաղաքի օդանավակայանում։

1967 թվականին հիմնադրված ԱՍԵԱՆ-ի 48-րդ գագաթնաժողովը կանցկացվի մայիսի 8-9-ը Սեբուում։ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան միավորում է տարածաշրջանի տասը երկիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *