Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական ղեկավար Մխիթար Մխիթարյանը NEWS.am-ի հետ զրույցում կտրականապես հերքում է տարածված այն լուրը, թե ինքը ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին։
«Նման բան չկա, հերքում եմ այդ լուրը։ Կարող եք Գոռի հետ էլ խոսել, մենք մտերիմներ ենք»,- ասաց նա և այլ բան չավելացրեց։
Մենք կապ հաստատեցինք նաև Գոռ Ակուլյանի հետ, որն ըստ լուրերի, մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց, հերքում էր, թե իրեն ծեծել են։
«Չկա նման բան։ Մի քաղաքի տղա ենք, ճանաչում ենք իրար։ Ես ոչ մի վնասվածք չեմ ստացել»,- պնդեց նա։
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք իրեն վախեցրել են, որ չխոսի դեպքի մասին, Գոռը հերքեց ու այլ հարցերի չպատասխանեց։
Հատկանշական է, որ Քննչական կոմիտեում առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականն էր գրել, որ Շենավան բնակավայրի վարչական ղեկավար, ՔՊ-ական Մխիթար Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկել Սպիտակ քաղաքի բնակիչ Գոռ Ակուլյանին, վերջինս մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի էր ունեցել շաբաթ օրը, Սպիտակի գազալցակայաններից մեկում։