Եվրոպական դատախազությունը հետաքննություն է սկսել Խորվաթիայում ԵՄ հիմնադրամներին առնչվող հնարավոր խարդախության գործով

Եվրոպական դատախազությունը (EPPO) քրեական հետաքննություն է սկսել Խորվաթիայում Եվրոպական միության գյուղատնտեսական հիմնադրամների օգտագործմանն առնչվող հնարավոր կոռուպցիայի և խարդախության փաստով։ Քրեական հետաքննության մասին հայտնում է Reuters-ը։

Դատախազության տվյալներով՝ ոստիկանությունն արդեն ապացույցներ է հավաքել երկրի կենտրոնական մասի մի քանի շրջաններում։ Հետաքննությունը վերաբերում է Խորվաթիայի քաղաքացիներին, որոնք կասկածվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և տալու, սուբսիդիաներին առնչվող խարդախության, ինչպես նաև հանցավոր խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու մեջ, որոնք գործել են ի վնաս ԵՄ ֆինանսական շահերի։

Գործի մանրամասները չեն բացահայտվում՝ քննության ընթացքի վրա չազդելու համար։

Խորվաթիայի գյուղատնտեսության նախարար Դավիթ Վլայչիչը հայտարարել է, որ Վճարումների գործակալությունում և ARKOD գյուղատնտեսական հողերի հաշվառման համակարգում իր գերատեսչության նախաձեռնած բարեփոխումներն ուղղված են ԵՄ միջոցների օգտագործման նկատմամբ թափանցիկության և վերահսկողության մակարդակի բարձրացմանը։

«Մեր նպատակն է երաշխավորել, որ պետական միջոցների յուրաքանչյուր եվրոն հասնի նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն»,- ընդգծել է նա։

Ըստ նախարարի՝ հենց հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործակալության հաղորդումներն են իրավասու մարմիններին, դրանց թվում՝ Եվրոպական դատախազությանը թույլ տվել սկսել հետաքննությունը։

Գործը զարգանում է Հունաստանում տեղի ունեցած նմանատիպ սկանդալի ֆոնին, որտեղ ԵՄ գյուղատնտեսական սուբսիդիաներին առնչվող խարդախության հետաքննությունը հանգեցրել էր նախարարների հրաժարականների, ԵՄ-ի կողմից ռեկորդային տուգանքի և 13 պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *