Իռլանդիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դոյլ Էրենը, չորեքշաբթի վավերացրել է Ուկրաինայի համար Միջազգային փոխհատուցման հանձնաժողով ստեղծելու մասին կոնվենցիան։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնել է երկրի եվրոպական գործերով նախարար Թոմաս Բիրնը։
Նա ողջունել է խորհրդարանի որոշումը՝ ընդգծելով, որ «Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի Ուկրաինային հասցրած լուրջ վնասի համար»։
Այսպիսով, Իռլանդիան դարձավ հինգերորդ երկիրը, որը վավերացրեց տվյալ փաստաթուղթը։ Ավելի վաղ դա արել էին Ուկրաինան, Էստոնիան, Լատվիան և Իսլանդիան։
Ապրիլի 30-ին կոնվենցիան վավերացրել էր Ուկրաինայի Գերագույն Ռադան։
Փաստաթուղթը միջազգային փոխհատուցման մեխանիզմի մասն է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով պատճառված վնասների ռեգիստրի և ապագա փոխհատուցման հիմնադրամի հետ մեկտեղ։ Կոնվենցիան ստորագրման համար բացվել էր 2025 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայի դիվանագիտական համաժողովում. այն ժամանակ այն ստորագրել էին 35 պետություն և Եվրոպական միությունը։