Վաշինգտոնը Թեհրանին անվանել է Մերձավոր Արևելքի ամենամեծ սպառնալիքը

Վաշինգտոնը Թեհրանին համարում է Մերձավոր Արևելքի ամենամեծ սպառնալիքը, նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված ԱՄՆ-ի ահաբեկչության դեմ պայքարի թարմացված ռազմավարությունում։

«Ամենամեծ սպառնալիքը ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքից գալիս է հենց Իրանից՝ ուղղակիորեն՝ նրա միջուկային և հրթիռային ներուժի տեսքով, և անուղղակիորեն՝ այն միլիարդավոր դոլարների տեսքով, որոնք նա ուղղորդում է իր ահաբեկչական պրոքսիներին, այդ թվում՝ «Հեզբոլլահին», – ասվում է փաստաթղթում։

Նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հաստատակամ գործողությունները» «կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանի ռեժիմը չի դադարի սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների համար»։

Ռազմավարությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ ահաբեկչական սպառնալիքը փոխվել է, և երկիրը բախվում է ահաբեկչության երեք հիմնական տեսակների՝ «նարկոահաբեկիչներ և անդրազգային խմբավորումներ, ավանդական իսլամիստ ահաբեկիչներ, ձախռադիկալ ծայրահեղականներ»։

«Մենք կարող ենք դիմակայել այս խմբերից յուրաքանչյուրին, սակայն սպառնալիքը զգալի է և համատարած», – ընդգծվում է փաստաթղթում։

Բացի այդ, ռազմավարության համաձայն, Եվրոպայի երկրները ԱՄՆ-ի համար մնում են «առաջատար և երկարաժամկետ գործընկերներ ահաբեկչության դեմ պայքարում»։

Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի կարծիքով, «անթույլատրելի է, որ ՆԱՏՕ-ի հարուստ դաշնակիցները ծառայեն որպես ահաբեկիչների ֆինանսական, լոգիստիկ և հավաքագրման կենտրոններ»։

Եվրոպան, ինչպես նշված է տեքստում, «գտնվում է լուրջ սպառնալիքի տակ և հանդիսանում է ինչպես ահաբեկիչների թիրախ, այնպես էլ ահաբեկչական սպառնալիքների օջախ»։

Այս կապակցությամբ Վաշինգտոնում եվրոպական երկրներին կոչ են անում «անմիջապես զգալիորեն ուժեղացնել հակաահաբեկչական ջանքերը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *