Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն առաջարկել է առաջիկայում վճռական բարեփոխումներ իրականացնել, այդ թվում՝ զգալիորեն կրճատել կառավարության անդամների և պետական այլ գերատեսչությունների աշխատակիցների թիվը: Այս մասին նա գրել է Kurir պարբերականի համար պատրաստած իր հեղինակային հոդվածում:
«Անհրաժեշտ եմ համարում, որ առաջիկա ժամանակահատվածում մենք համարձակ ու կարևոր որոշումներ կայացնենք»,- նշել է Վուչիչը: Որպես առաջնահերթ միջոցառումներ՝ Սերբիայի առաջնորդը մատնանշել է «կառավարության անդամների, պետքարտուղարների, նախարարների տեղակալների, ինչպես նաև նրանց աշխատակազմերի թվի կտրուկ կրճատումը»: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործել «ավելի վճռական ու եռանդուն, քան 12 տարի առաջ»:
Վուչիչը կողմ է արտահայտվել նաև բազմաթիվ գործակալությունների, գրասենյակների ու վարչությունների լուծարմանը, որոնք, ինչպես նա է ձևակերպել, «գոյություն ունեն զուտ գոյություն ունենալու համար և չունեն գործունեության որևէ իրական հիմք»։
Բացի այդ, Սերբիայի նախագահը մատնանշել է լրացուցիչ ապակարգավորման անհրաժեշտությունը։ Որպես օրինակ նա բերել է ԵՄ-ից ներկրվող ապրանքների՝ իր գնահատմամբ «ավելորդ» սերտիֆիկացումը, ինչի պատճառով այդ արտադրանքը Սերբիայում ավելի թանկ արժե, քան Եվրոպական միությունում։