ԲԴԽ նախագահը ՄՔԴ նախագահի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Այս այցելությունը Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև ձևավորվող համագործակցության խորացման ճանապարհի նշանակալի փուլ է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7–ին, Երևանում Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը։

ԲԴԽ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նա ներկայացրել է դատական համակարգի անկախության երաշխավորման ԲԴԽ սահմանադրական մանդատը և հետաքրքրվել ՄՔԴ-ի կողմից մշակված մեխանիզմներից, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի դատական համակարգի համար։ 

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և ՄՔԴ-ի միջև գործընկերային հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես ընդգծելով դատավորների վերապատրաստման կարևորությունը։ 

Նա նշել է, որ ՄՔԴ-ն պատրաստ է աջակցել հայ դատավորների մասնագիտական կատարելագործմանը՝ վերապատրաստումների, աշխատանքային այցերի և փորձագետների ներգրավման միջոցով։ 

Կողմերը առանցքային են համարել դատական անկախության վերաբերյալ շարունակական երկխոսությունը, ինչպես նաև՝ երկարաժամկետ համագործակցության հեռանկարները։ 

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամ Արմենուհի Հարությունյանը, ՄՔԴ աշխատակազմի ղեկավար Հիրադ Աբթահին, Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *