ԱՄՆ ռազմական նախարարությունն ու Scale AI ընկերությունը 500 մլն դոլարի պայմանագիր են կնքել, հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Պենտագոնն ակնկալում է, որ այս ընկերության հետ համագործակցությունը կօգնի կարգավորել տվյալների մշակման և որոշումների կայացման գործընթացը, նշում է գործակալությունը։ Ինչպես նշվում է, համաձայնագրի գումարը հինգ անգամ գերազանցում է այն պայմանագիրը, որը Scale AI-ն ստացել էր Պենտագոնից 2025 թվականի սեպտեմբերին։ Ընկերության՝ պետական հատվածի հետ աշխատանքների գծով ղեկավար Դեն Թադրոսի կարծիքով՝ նոր պայմանագիրը «ապացուցում է, որ նախարարությունը ձգտում է ներդնել այս տեխնոլոգիան»։
Bloomberg-ը հիշեցրել է, որ հունվարին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր արհեստական բանականության հիմքով ավելի շատ գործիքներ ներդնելու և դրանց կիրառման ճանապարհին բյուրոկրատական խոչընդոտները վերացնելու մտադրության մասին։