Ճապոնիայի Ազգային հետախուզական վարչությունն սկզբնական շրջանում կունենա շուրջ 700 աշխատակից։ Վարչության աշխատանքների մեկնարկը նախատեսվում է մոտավորապես հուլիսին։ Ինչպես հայտնում է Yomiuri թերթը, հետագայում նախատեսվում է ընդլայնել կառույցը, իսկ 2027 թվականին կանցկացվեն քննություններ՝ անհրաժեշտ մասնագետների, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտի փորձագետների ընտրության համար։
Առաջին փուլում ԱՀՎ կտեղափոխվեն հիմնականում Նախարարների կաբինետի ներկայիս հետազոտական բյուրոյի աշխատակիցները, որոնք վերլուծում են բաց աղբյուրներից, այլ գերատեսչություններից, ԱՄՆ-ից ստացված և արբանյակային հետախուզության տվյալները։ Այս գերատեսչությունը մեծամասամբ համալրված է ոստիկանության և ԱԳՆ նախկին աշխատակիցներով։
Նախատեսվում է դրանք առաջնահերթ համալրել արտասահմանյան երկրների գծով մասնագետներով և համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներով։ Ծրագրվում է նաև ակտիվացնել մի շարք օտարերկրյա պետությունների հետախուզական ծառայությունների հետ փոխանակումները։ Ճապոնիան մինչ այժմ չի ունեցել միասնական հետախուզական կառույց. այդ գործառույթներն իրականացրել են ոստիկանության, ԱԳՆ-ի և պաշտպանության նախարարության առանձին ստորաբաժանումները։
Ապրիլին խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որով նախատեսվում է ստեղծել վարչապետին կից Հետախուզության ազգային խորհուրդ և տեղեկատվության հավաքագրմամբ ու մշակմամբ զբաղվող Ազգային հետախուզական վարչություն (ԱՀՎ)։ Հետախուզության ազգային խորհրդի կազմում, բացի կառավարության ղեկավարից, կլինեն նաև կաբինետի առանցքային անդամները՝ կառավարության գլխավոր քարտուղարը, արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և ֆինանսների նախարարները։ Հենց այս կազմն էլ կկայացնի հետախուզության և հակահետախուզության ոլորտի սկզբունքային որոշումները։ Դրանց գործնական կիրառումն արդեն կդրվի ԱՀՎ-ի ուսերին և վերջինիս ղեկավարը կունենա նախարարի կարգավիճակ։