Երևանի և Գյումրիի քաղաքային իշխանությունները չգիտես ինչու չեն համագործակցում Կառավարության հետ ճանապարհների բարեկարգման հարցում։ Այս մասին մայիսի 7-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ երբ քաղաքային իշխանություններն այս կամ այն պատճառով որոշում են գործել մեկուսացված՝ պատշաճ կերպով չհամագործակցելով Կառավարության հետ, արդյունքներն անմիջապես տեսանելի են դառնում Երևանում և հատկապես Գյումրիում։ «Հենց «Գյումրի» ցուցանակից հետո սկսվում է գերազանց որակի ճանապարհը, իսկ Գյումրու ներսում ճանապարհները վատն են»,- հավելել է նա։
Փաշինյանը նշել է, որ 500 կմ ճանապարհների կառուցման և նորոգման շրջանակում Երևանին անհրաժեշտ է նախատեսել 50 կմ։ Նա Կառավարության անդամներին կոչ է արել լուծումներ առաջարկել նաև Գյումրու համար։
«Կոչ եմ անում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին ուշադիր հետևել Գյումրու շատրվանների «երաժշտական մենյուին»։ Հարցը լուրջ է», – հեգնանքով ընդգծել է վարչապետը։