Հայաստանի և Լատվիայի համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստան – ԵՄ գործընկերության շրջանակներում երկխոսությունը։ Այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի համար հայտարարությունում ասել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Ես շնորհակալություն հայտնեցի Լատվիայի նախագահին՝ Հայաստան — ԵՄ համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար և ընդգծեցի Լատվիայի կողմից Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի շարունակական աջակցության կարևորությունը՝ շեշտելով դրանց դերը երկրի դիմակայունության բարձրացման գործում։
Ես նաև բարձր եմ գնահատել Լատվիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ Մենք ակնկալում ենք Լատվիայի աջակցությամբ առաջ մղել բարեփոխումների օրակարգը, որը Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու ձգտման իրականացման ճանապարհի հենասյուներից է», – ասել է Հայաստանի նախագահը։
Նա նշել է, որ Հայաստանը և Լատվիան համախոհներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման և խաղաղության առաջմղման հարցերում, և վճռական են այդ ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու հարցում։
Լատվիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում, ըստ նրա խոսքերի, քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներ, ընդգծվել է առևտրի զարգացման և ներդրումների խթանման կարևորությունը։ Հեռանկարային է համարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում զգալի ներուժի օգտագործումը՝ հաշվի առնելով Լատվիայի լուրջ ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարությունների և կիբերանվտանգության ոլորտներում։ Նշվել է նաև նորարարական ոլորտում և պետական ու մասնավոր հատվածներում իրականացված լայնածավալ բարեփոխումներում հայկական ընկերությունների հաջող գործունեությունը։
«Մենք ընդգծեցինք կիբերանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ առավել առարկայական համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։ Առանձնակի նշվեց երկու երկրների միջև պայմանագրիրաիրավական բազայի ընդլայնման անհրաժեշտությունը։
Ես իմ երախտագիտությունը հայտնեցի նախագահ Էդգարս Ռինկևիչսին՝ Լատվիայի կառավարության կողմից Հայաստանի բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար։ Երկկողմանիորեն շեշտվեց 2024 թվականին ձևավորված «Հայաստան – Հյուսիսային Եվրոպա – Բալթյան երկրներ» համագործակցության ձևաչափի շարունակականության կարևորությունը»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ ՀՀ նախագահը Լատվիայի նախագահին է ներկայացրել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը։ «Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը տարածաշրջանային գործընթացներին և տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդման գործում նրա ունեցած ավանդը»,- նշել է Խաչատուրյանը։