Երբ այս գործը հայտնվեց իմ ուշադրության կենտրոնում, տրվեցին հանձնարարականներ, ակտիվացվեց քննությունը, և բազմաթիվ վկաներ ու ապացույցներ ձեռք բերվեցին, որոնք, իմ գնահատմամբ, արդեն իսկ բավարար էին, որպեսզի այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի․այսօր ԱԺ-ում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Վեդիում մանկապղծության դեպքին, երբ սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։
Նա նշեց, որ արդեն այսօր ներկայացվել է միջնորդություն, որպեսզի խափանման միջոց կալանքն ընտրվի։
«Չեմ կարող կանխագուշակել կամ կանխազգալ, թե դատարանն ինչ որոշում կարող է կայացնել, բայց, այնուամենայնիվ, նշեմ, որ այս առումով քննության լրիվությունն ու օբյեկտիվությունը պարտադիր կապահովվի։ Մենք բազմաթիվ հանգամանքներ նաև կպարզենք, ոչ միայն, թե ինչ է տեղի ունեցել, այլ նաև դրան նախորդող ժամանակահատվածում ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել, խնամակալության, հոգաբարձության մարմինները, ուսումնական հաստատությունները․․․ Բոլոր հանգամանքները կպարզենք»,- ասաց նա։
ՔԿ նախագահը խնդրեց, որ այս հարցը, որը «զուտ մաքուր իրավական բնույթի է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»։
«Դեպքը կոծկելու, թաքցնելու և ինչ-որ այլ նպատակ չի կարող լինել և չէր էլ կարող լինել»,- նշեց նա։
Ավելի վաղ ABC Media-ին Դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2 անձի նկատմամբ։ https://abcmedia.am/hasarakuthyun/260402/