Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով Պարսից ծոցում մինչ օրս «արգելափակված» է մնում շուրջ 1,6 հազար նավ, որոնցում ընդհանուր առմամբ կա 20 հազար նավաստի, հայտնում է CNN-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «Ազատություն» ռազմական գործողությունը, որի նպատակն էր նեղուցի առևտրային նավերի դուրսբերումը, տևել է ընդամենը 48 ժամ։ Հեռուստաալիքը նշում է, որ մայիսի 4-ից ի վեր ԱՄՆ ռազմածովային ուժերին հաջողվել է Պարսից ծոցից դուրս բերել ընդամենը երկու նավ։

Այժմ, կրկին մնալով առանց ուղեկցության, ընկերությունները չեն ցանկանում ստանձնել տարանցման ռիսկը, քանի որ վտանգի տակ կհայտնվեն թե՛ բեռը, թե՛ անձնակազմը։ Միլիոնավոր դոլարներ արժեցող նավին հասցված վնասն ընկերությունների համար կնշանակի ֆինանսական և լոգիստիկ կորուստ, քանի որ ապահովագրական պայմանագրերը չեն տարածվում ռազմական գործողությունների հետ կապված իրավիճակների վրա։ Այսպիսով, նման ֆինանսական աջակցության չունեցող նավերի տեղաշարժը կարող է չափազանց թանկ արժենալ։

Լոս Անջելեսի նավահանգստի գործադիր տնօրեն Ջին Սերոկայի կարծիքով՝ նույնիսկ ամերիկյան զինվորականների ուղեկցությամբ Հորմուզի նեղուցով անցնելու համար «նավագնացային ընկերություններին անվտանգության շատ ավելի մեծ երաշխիքներ են պետք»:

ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության տվյալներով՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հորմուզի նեղուցի տարածքում 32 նավ է հրթիռակոծվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 10-ը ստացել են վնասվածքներ։

Կազմակերպությունը նավերին հորդորում է «ցուցաբերել առավելագույն զգուշավորություն» և հայտարարում է, որ «ծովային ուղեկցումը կայուն երկարաժամկետ լուծում չէ»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *