ԵՄ-ն մտադիր է ավիաընկերություններին տեղեկացնել, որ իրանական ճգնաժամը արտակարգ միջոցներ չի պահանջում. Reuters

ԵՄ-ն մտադիր է ավիաընկերություններին տեղեկացնել, որ Իրանում պատերազմի հետևանքները զբոսաշրջության համար բավականաչափ լուրջ չեն՝ արտակարգ միջոցներ պահանջելու համար, մասնավորապես՝ չեղարկված չվերթների համար ուղևորներին փոխհատուցում վճարելու պարտավորություններից հրաժարվելը: Դրա մասին ասված է ԵՄ ուղեցույցի նախագծում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

Եվրոպական ավիաընկերություններն առայժմ հիմնականում հաղթահարում են ճգնաժամը, քանի որ ապահովագրական պոլիսները նվազեցնում են ծախսերը, նույնիսկ այն դեպքում, երբ ավիավառելիքի գներն աճել են գրեթե 84%-ով այն պահից ի վեր, երբ փետրվարի 28-ին սկսվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը:

Փոխադրողները նախազգուշացնում են, սակայն, որ վառելիքի պակաս կարող է առաջանալ առաջիկա շաբաթների ընթացքում:

«Ներկայիս իրավիճակը ցույց չի տալիս զբոսաշրջության ոլորտի համար հատուկ միջոցների ընդունման անհրաժեշտություն՝ ի տարբերություն ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված ճգնաժամի,- ասված է արդյունաբերության և ուղևորների համար ԵՄ ուղեցույցի նախագծում:- Այս փուլում առկա տվյալները մատնանշում են, որ ընդհանուր ազդեցությունը զբոսաշրջության վրա սահմանափակ է, իսկ պահանջարկը՝ ընդհանուր առմամբ կայուն»:

Վառելիքի բարձր գները արտակարգ հանգամանք չեն համարվում, որը ավիաընկերություններին հնարավորություն կտար խուսափել չեղարկված չվերթների համար ուղևորներին փոխհատուցում վճարելուց: Դա կարող է արդարացվել միայն վառելիքի տեղային պակասով, հավելել են կազմակերպությունում:

Եվրոպական միությունում ավիավառելիքի պակասի մասին չի հաղորդվել: Եվրոպայում սպառվող ավիավառելիքի մոտ 75%-ը ներկրվում է, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից, ինչն ավելին է, քան ցանկացած այլ տրանսպորտային վառելիքի դեպքում:

ԵՄ-ն միաժամանակ հաստատելու է, որ ըստ գործող օրենսդրության՝ ավիաընկերությունները կարող են օգտագործել Jet A տեսակի վառելիքը, որը հիմնականում օգտագործվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում լայնորեն կիրառվող Jet A-1 վառելիքի փոխարեն, եթե դա օգնի փոխարինել Մերձավոր Արևելքից մատակարարումները: Եվրոպայում նախապատվությունը տրվում է Jet A-1 վառելիքին, քանի որ այն ունի սառեցման ավելի ցածր ջերմաստիճան, քան Jet A-ն, թեև երկու տեսակներն էլ հավաստագրված են առևտրային օգտագործման համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *