Հասարակությունը կորցրել է դատաիրավական համակարգի նկատմամբ իր վստահությունը․ Էլինար Վարդանյան

Այսօր իրավապահ համակարգը զբաղված է մեկ անձի շահերի պաշտպանությամբ և նրա ցանկությունների իրականացմամբ։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։

Նրա գնահատմամբ՝ դատական համակարգը, որոշ բացառություններով, դարձել է գործադիր իշխանության ձեռքի գործիքը և ենթարկվում է մեկ անձի։

Վարդանյանը նշել է, որ, մի կողմից, սովորական մարդիկ զրկված են իրավական պաշտպանությունից, մյուս կողմից՝ իշխանություններն օգտվում են դատաիրավական համակարգի ընձեռած բոլոր հնարավորություններից։

«Կարևորագույն խնդիրներից մեկը դատական համակարգի անկախության երաշխավորումն է։ Եթե մարդը վստահ լինի, որ դատարանի միջոցով կարող է վերականգնել իր իրավունքները, ապա արդարադատության հանդեպ վերաբերմունքը կփոխվի, ինչն էլ խթան կհանդիսանա մյուս ոլորտների զարգացման համար։ Ցանկացած ներդրող, նախքան այս կամ այն երկրում գործունեություն սկսելը, ուսումնասիրում է տվյալ պետության դատաիրավական համակարգի վիճակը, որպեսզի հնարավոր խնդիրների դեպքում կարողանա դատարանում պաշտպանել իր իրավունքները։ Արդյո՞ք Հայաստանում այդպիսի իրավիճակ է։ Ո՛չ։ ANIF-ի հետ կապված սկանդալը դրա վառ օրինակն է»,- հավելել է Վարդանյանը։

Նա նշել է, որ դատաիրավական համակարգի ներկայիս խնդիրները սկսվել են այն ժամանակ, երբ Փաշինյանը կոչ արեց շրջափակել դատարանները, ինչը դարձավ առաջին ազդանշանն այն մասին, որ իշխանությունները չեն հանդուրժում դատական համակարգի անկախությունը։

«Դրան հաջորդեց «վնգստացող դատավորների» մասին հայտարարությունը, որը չարժանացավ պատշաճ արձագանքի։ Այնուհետև տեղի ունեցան փաստաբանների դեմ իրավախախտումները։ Այս ամենը աստիճանաբար հանգեցրեց նրան, որ դատաիրավական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը զրոյացավ։ Դատաիրավական համակարգի հանդեպ վստահության բացակայությունը բերում է հանցագործությունների աճի։ Ընդ որում՝ իշխանությունները փորձում են հանգստացնել բնակչությանը՝ հայտարարելով, թե հանցագործությունների թիվը նվազել է, պարզապես ավելացել է ծանր հանցագործությունների քանակը։ Սա սարսափելի է։ Ինչո՞ւ իրավապահ համակարգը, որը զբաղված է ընդդիմադիրների հեռախոսազրույցների գաղտնալսմամբ, չի օգտագործում իր հնարավորությունները թմրանյութերի տարածման դեմ պայքարում։ Սա պայմանավորված է նրանով, որ նրանց առջև դրված է այլ խնդիր, որը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ թույլ չտալ ընդդիմադիր ուժերին հայտնվել խորհրդարանում»,- ընդգծել է Վարդանյանը։

Նրա նաև սպառնալիք է անվանել ՀՀ դեռևս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե նա թույլ չի տա «պատերազմի եռագլուխ կուսակցությանը» հայտնվել խորհրդարանում։

Նա հիշեցրել է Փաշինյանին, որ միայն ժողովուրդն է որոշում, թե որ ուժերն են հայտնվում խորհրդարանում։

«Հետևաբար, նրա հայտարարությունը բռնապետության դրսևորում է և հրահանգ պետական մարմիններին՝ թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցություններին և «Հայաստան» դաշինքին մասնակցել ընտրություններին։ «Պատերազմի եռագլուխ կուսակցություն», ըստ նրա գնահատականի, կարելի է անվանել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, քանի որ հենց նրանք են ներքաշել Հայաստանը ռազմական էսկալացիաների մեջ, հենց նրանց պատճառով ավելի քան 100 հազար արցախահայեր էթնիկ զտումների հետևանքով լքեցին իրենց հայրենիքը, և հենց նրանց պատճառով է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ», – նշել է Վարդանյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ժողովուրդն իր քվեով գնահատական կտա Փաշինյանի հայտարարությանը։

Վարդանյանը հիշեցրել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում է ընտրություններին՝ առաջ քաշելով միմյանց հետ փոխկապակցված երեք դրույթ։ Խոսքը երաշխավորված խաղաղության, հանրային համերաշխության և զարգացող տնտեսության մասին է։

«Իշխանություններն արդեն տևական ժամանակ է՝ շրջում են երկրով մեկ՝ թափահարելով «Խաղաղություն» գրությամբ թղթերը և համոզելով, թե իրենք խաղաղություն են բերել երկրին։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը մշտապես պատերազմով է սպառնում հանրությանը՝ ասելով, թե սեպտեմբերին կարող է պատերազմ սկսվել, եթե իրեն չընտրեն կամ եթե Սահմանադրությունը չփոխվի։ Մինչդեռ երաշխավորված խաղաղությունը նշանակում է, որ այն չի կարող լինել լոկ հայտարարության տեսքով, այլ պետք է ունենա երաշխիքներ. քաղաքացիները պետք է կարողանան երկարաժամկետ կտրվածքով դասավորել իրենց կյանքը։ Այսօր մարդիկ միայն կարճաժամկետ ծրագրեր են կազմում, քանի որ տեսնում են սպառնալիքներն ու ռիսկերը, ինչն էլ սպառում է հասարակության ներուժը»,- ընդգծել է Վարդանյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում մատնանշել է հզոր և մարտունակ բանակի ձևավորման, ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունների խորացման և նոր գործընկերների հետ նմանատիպ հարաբերությունների հաստատման կարևորությունը։

«Բայց եթե մենք չունենանք հանրային համերաշխություն, ապա Հայաստանը տեղում կդոփի։ Մենք հանրային երկխոսության կարիք ունենք. այսօր հասարակությունը պառակտված է, և նման պայմաններում դժվար է խոսել պետության զարգացման մասին։ Նոր, ուժեղ և ռիսկերը գիտակցող իշխանության ձևավորման դեպքում հնարավոր կլինի կոտրել այն պատերը, որոնք կանգնեցված են հասարակության տարբեր շերտերի միջև»,- հայտարարել է Վարդանյանը։

Նա հավելել է, որ հասարակությունը փոփոխությունների է սպասում, և այդ փոփոխություններում տեղ չունեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Նիկոլ Փաշինյանը։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ծրագրում, որը մշակվել է լայն զանգվածների առաջարկների հաշվառմամբ, առաջարկում է հենց փոփոխություններ և այնպիսի ռազմավարություն, որի իրականացումը թույլ կտա երկիրը տանել զարգացման ուղիով։ Մենք ընտրություններին մասնակցում ենք ոչ թե մանդատ ստանալու, այլ արդյունքի համար։ Հենց այդ պատճառով կուսակցությունն իր դռները բացել է տարբեր քաղաքական գործիչների հետ լայն համագործակցության համար։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հավատալով այս ծրագրին, իր շուրջն է համախմբել մարդկանց, ովքեր կկարողանան կյանքի կոչել այն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տեր է կանգնելու իր յուրաքանչյուր ընտրողի քվեին և պատրաստ է գնալ մինչև վերջ։ Մենք որևէ մեկին չենք վիրավորելու կամ սևացնելու. մենք լսելու ենք բոլորին և պատրաստ ենք մեր ծրագրի շրջանակներում ընդունել նոր առաջարկներ», – եզրափակել է Վարդանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *