Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ քննարկել է «արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոն վերադառնալու հավանականությունը։ Բանակցությունների ընթացքում պորտուգալացի մասնագետն առաջադրել է 5 պայման. այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Պայմանագիր երկու մրցաշրջանով. Մոուրինյուն ցանկանում է համաձայնագիր կնքել մինչև 2028 թվականի հունիսի վերջ։
Ակումբի մամուլի քարտուղարի նշանակում. Մոուրինյուն ցանկանում է հանդես գալ բացառապես որպես մարզիչ և ոչ թե որպես ակումբի պաշտոնական խոսնակ։ «Յուրահատուկը» չի ցանկանում, որ իր՝ ոչ ֆուտբոլային հայտարարությունների պատճառով կոնֆլիկտները կրկնվեն։
Լիակատար մարզական անկախություն. Պորտուգալացին դեմ է, որ ղեկավարությունից որևէ մեկն ազդեցություն ունենա մարզական որոշումների վրա։ Պերեսը ստիպված կլինի համաձայնել զիջել իր դիրքերը։ Մոուրինյուն պահանջում է, որ ինքը ղեկավարի թիմը, իսկ Պերեսը՝ ակումբը։
Ֆիզպատրաստության գծով մարզիչ Անտոնիո Պինտուսի հեռացումը. Մոուրինյուն չի ցանկանում իր շտաբում տեսնել «Պերեսի լրտեսներին»։ Նա պահանջում է ուղիղ կապ նախագահի հետ՝ առանց միջնորդների։ Այս պահանջը կարող է ամենախնդրահարույցը լինել, քանի որ Պերեսը մեծապես վստահում է Պինտուսին։
Բժշկական շտաբի վերահսկողություն. Մարզիչը պահանջում է, որ ֆուտբոլիստները ցանկության դեպքում կարողանան խորհրդակցել այլ բժիշկների հետ՝ այլընտրանքային կարծիք լսելու նպատակով։ Բացի այդ, Ժոզեն ցանկանում է անձամբ մասնակցել բժիշկների հետ խաղացողների առողջական վիճակի քննարկումներին։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն Մադրիդի «Ռեալը» գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։
armsport.am