Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի պատմության մեջ առաջին միջմայրցամաքային բալիստիկ «Yıldırımhan» հրթիռի պլանավորված փորձարկումների մասին:
Այս մասին հայտնում է TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչության աղբյուրը։
Ավելի վաղ նախարարությունը Ստամբուլի պաշտպանական արդյունաբերության SAHA ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել էր նորագույն մշակումը՝ միջմայրցամաքային հիպերձայնային բալիստիկ «Yıldırımhan» հրթիռը, որն ունի մինչև վեց հազար կմ հեռահարություն: Այն կարող է զարգացնել 9-ից մինչև 25 Մախ արագություն ու կրել մինչև 3 տոննա պայթուցիկ:
««Yıldırımhan» հրթիռը հաջողությամբ անցել է լաբորատոր փորձարկումները։ Աշխատանքներ են տարվում հրաձգարանում հրթիռի փորձարկման ժամկետների որոշման ուղղությամբ»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ հրթիռի հեղուկ վառելիքն արտադրվում է Թուրքիայում տեղի մասնագետների կողմից, այն կարող է երկար ժամանակ պահվել: