
Ասում են` ուզում էինք լավ բան անել, ստացվեց՝ ինչպես միշտ: Թվում է, լավ բան էլ են ուզում անել ՔՊ-ական իշխանությունները:
Դե, հիմա «լավ բաներ» անելու ժամանակն է` այս մեկ ամսվա ընթացքում ինչքան հասցնեն, ինչքան ուժները պատի, լավ բաներ են անելու, որ ընտրողի «աչքը մտնեն», եւ նա իր քվեն չտա ընդդիմությանը, այլ իրենց ընտրի: Ամեն օր մարզ են գնում, դրսից հյուրեր են ընդունում, համերգներ ու փառատոներ, համաժողովներ ու գագաթնաժողովներ, ասֆալտ ու նորոգում: 5 տարվա չարածն ուզում են մի քանի ամսում անել, որ մարդկանց հին-վատ հիշողությունները ջնջվեն, քվեարկության գնալիս միայն վերջին օրերի աշխատանքը հիշեն:
Ահա` անցած օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով այցելել է Մաշտոցի կամ Միսակ Մանուշյան պուրակ, որտեղ խաղահրապարակ են կառուցել: Թվում է` լավ բան են արել, երեխաների համար սահելու, խաղալու ատրակցիոններ են սարքել, բայց պուրակն են փչացրել` կանաչ գազոնը ոչնչացրել, մի հսկա հատվածում բերել՝ մետաղից, փայտից ու արհեստական նյութերից խաղահրապարակ են սարքել: Կանաչի, ծառի, խոտի հանդեպ մի անբացատրելի ատելություն ունի այս իշխանությունը, բետոն, ասֆալտ անելու հանդեպ՝ մեծ սեր: Իսկ Երեւանում հիմա ամեն մի տերեւն ու խոտի սանտիմետրն է կարեւոր, եւ ոչ մի խաղահրապարակ պետք չէ այգիներում կառուցել:
Կառուցեք ամայի տարածքներում, քանդեք ասֆալտը, ավելորդ գարաժներն ու շենքերը` դրանց տեղը խաղահրապարակներ սարքեք, ոչ թե այդ մի ափաչափ այգին փչացրեք: Խաղահրապարակում շրջելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանն այցելել է մոտակա շենքի տակ գտնվող Վալմարի արվեստանոցը: Թվում է` էլի վատ չէ, արվեստի, գեղանկարի հետ կառնչվի: Բայց սա էլ հայտնի պալատական նկարիչն է, որի անունը հնարավոր չէ հայ տաղանդավոր նկարիչների առաջին հարյուրյակի մեջ ներառել: