ԱՄՆ-ը հուլիսի 4-ից հետո կբարձրացնի եվրոպական ապրանքների մաքսատուրքերը, եթե Եվրամիությունը չկատարի առեւտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները եւ չվերացնի ամերիկյան արտադրանքի նկատմամբ մաքսատուրքերը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Համբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասը։ ԵՄ-ն խոստացել է կատարել իր պարտավորությունները եւ մաքսատուրքերը հասցնել զրոյի։ Ես համաձայնել եմ ժամանակ տալ դրա համար մինչեւ ԱՄՆ-ի 250-ամյակը, հակառակ դեպքում, ցավոք, մեր մաքսատուրքերը կբարձրանան շատ ավելի բարձր մակարդակի», հայտարարել է Թրամփը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցից հետո։
Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահը սպառնացել էր բարձրացնել Եվրամիությունից ներկրվող ավտոմեքենաների եւ բեռնատարների մաքսատուրքերը՝ 15%-ից հասցնելով 25%-ի։ Նա ԵՄ-ին մեղադրել էր, որ այն չի պահպանում ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները։