Չինաստանի Հունան նահանգում ճայթռուկների արտադրամասում մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Մեկ մարդ համարվում է անհետ կորած։ 51 մարդ ստանում է բժշկական օգնություն հիվանդանոցում, որոնցից 5-ը գտնվում է ծանր վիճակում։
Ավելի վաղ հաղորդվել էր 26 զոհի մասին։
Հունան նահանգի Լյույան քաղաքում գործարանի պայթյունը տեղի է ունեցել մայիսի 4-ին։ Պայթյունի ալիքը վնասել է գործարանից 300-400 մետր շառավղով հեռու գտնվող շենքերը։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները երկրի ողջ տարածքում գտնվող արտադրական օբյեկտներում, ցուցաբերել տուժածներին անհրաժեշտ օգնությունը, որքան հնարավոր է շուտ պարզել տեղի ունեցածի պատճառները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։