«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական հանդիպումն է անցկացրել Արարատի մարզի Նորակերտ գյուղում։ Թեև համայնքում նախապես հանդիպում նախատեսված չէր, սակայն բնակիչների ցանկությունը անտեսել հնարավոր չէր։
Նորակերտում կայացած հանդիպումը, ինչպես Ծառուկյանի մարզային այցերի մեծ մասը, անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ վերածվելով ժողովրդի հետ բաց ու անկաշկանդ երկխոսության։ ԲՀԿ առաջնորդը կրկին ընդգծել է իր մոտեցումը՝ գյուղ առ գյուղ շրջել, մարդկանց աչքերին ուղիղ նայել, լսել նրանց խնդիրներն ու ամենացավոտ հարցերին տալ հստակ պատասխաններ։
«Իմ նպատակն է գյուղեգյուղ գնալ, ժողովրդի հետ խոսել, մարդկանց աչքերի մեջ նայելով՝ իմ խոսքն ասել։ Բոլորն ուզում են լավ ապրել, ուզում են խաղաղություն լինի, տնտեսական զարգացում լինի, իրենց երեխաների ապագան ապահով լինի։ Ամեն մեկն ուզում է իր տունը լավ պահել»,- նշել է Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով հավաքված բնակիչներին։
Հանդիպման ընթացքում առաջնային թեմաներից մեկը եղել է անվտանգությունն ու սահմանների ամրապնդումը։ Գյուղացիները նշել են, որ ցանկանում են խաղաղ երկնքի տակ ապրել ու աշխատել՝ առանց պատերազմի մշտական վտանգի։
Անդրադառնալով այդ հարցին՝ Ծառուկյանը շեշտել է, որ Հայաստանը պետք է փակված պահի պատերազմի դուռը և կենտրոնանա տնտեսության զարգացման ու բարեկեցության վրա։
«Ոչ ոք կռիվ չի ուզում։ Մենք կռվի դուռը պետք է փակենք, ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք»,- ասել է նա։
Բնակիչների մտահոգություններից մեկն էլ սահմանին ծառայող երիտասարդների անվտանգությունն էր։ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առաջնագծում պետք է ծառայեն հիմնականում փորձառու պայմանագրային զինծառայողները։
«18 տարեկան երեխան իրավունք չունի սահմանի վրա կանգնելու։ Նա անփորձ է։ Ավելի լավ է ունենանք լավ պատրաստված պայմանագրային զինծառայողներ, որոնք ամեն տարի կանցնեն ստուգումներ և պատրաստ կլինեն ծառայության»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։
Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրաձայնել են նաև գյուղատնտեսական ոլորտի ծանր խնդիրները՝ պարարտանյութերի թանկացումից մինչև վարկային բեռ։ Բնակիչներից մեկը նշել է, որ պարարտանյութի գինը հասել է 13 հազար դրամի, ինչի հետևանքով շատերը պարզապես չեն կարողանում մշակել հողերը։
Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ոլորտում պետական աջակցության անհրաժեշտությանը՝ առաջարկելով գյուղացիներին տրամադրել անտոկոս աջակցություն՝ ըստ մշակվող հողի չափի։
«Գյուղացին տունը նստած հո ֆոկուս չի անելու, որ փողերը գան։ Պետք է հնարավորություն տալ, որ մարդը ստեղծի բերք ու բարիք։ Հողի չափով պետք է տրամադրել 0 տոկոսով գումար, որպեսզի գյուղացին կարողանա աշխատել»,- նշել է նա։
Բնակիչները խոսել են նաև սոցիալական խնդիրների, թմրամոլության տարածման և երիտասարդության ապագայի մասին։ Նորակերտցիներից մեկը հատկապես կարևորել է թմրամոլության դեմ պայքարի վերաբերյալ Ծառուկյանի մոտեցումները։
«Այսօր երեխան գնում է դպրոց, ծնողը մտահոգ է։ Մենք պետք է ունենանք առողջ երիտասարդություն։ Դա բոլորիս խնդիրն է՝ ծնողի, ուսուցչի և պետության»,- ասել է ԲՀԿ առաջնորդը։
Հանդիպման ընթացքում բնակիչները շնորհակալություն են հայտնել Գագիկ Ծառուկյանին՝ տարիներ շարունակ ժողովրդի կողքին լինելու համար։ Նորակերտցիներից մեկն ընդգծել է, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ է նման մակարդակի քաղաքական գործիչ այցելում գյուղ։
Այցի շրջանակում Գագիկ Ծառուկյանը ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում և հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։
Հանդիպման ավարտին Նորակերտում երկար ժամանակ շարունակվել է ջերմ շփումը բնակիչների հետ։ Մարդիկ լուսանկարվել են ԲՀԿ առաջնորդի հետ, զրուցել ու իրենց հույսերն ու ակնկալիքներն արտահայտել երկրի ապագայի վերաբերյալ։