Պաշտոնական Երևանը դեռեւս չի անդրադառնում ռուսական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությանը, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն: «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք»,- NEWS.am-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանինմայիսի 7-ին, կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետին հայտնել են, որ հանրապետությունում Զելենսկուն «հարթակ» տրամադրելը՝ Ռուսաստանի հասցեին նրա կողմից ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար, կտրականապես անընդունելի է։
Բացի այդ, երեկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական իր ճեպազրույցի ժամանակ նշել էր. «Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ երկիրը տանում են դեպի ագրեսիվ եվրոատլանտյան մեխանիզմներ։ Վոլոդիմիր Զելենսկին օգտվել է հայ տանտերերի նման անհասկանալի քաղաքավարությունից, որպեսզի փորձի դուրս գալ քաղաքական մոռացությունից, հնչեցնել իր ռուսատյաց հարձակումները»։