«Լուսավոր Հայաստան». Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել ներկայիս տեսքով

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել ներկայիս տեսքով։ Այս մասին մայիսի 8-ին, նախընտրական քարոզարշավի առաջին օրը, Երասխում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ մինչ օրս Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, և խաղաղության պայմանագրին առնվազն պետք է կցված լինի քարտեզ։ «Մեզ բոլորիս խաբում են մեր իշխանությունները՝ ասելով, թե փոխադարձաբար ճանաչել ենք տարածքը՝ համաձայն Ալմաթիի հռչակագրի։ Հռչակագրում քարտեզներ չկան, դրանք ինչ-որ սկզբունքներ են։ Պայմանագրին պետք է կցված լինի քարտեզ։ Մինչ դա չլինի, ոչ ոք իրավունք չունի ստորագրել», – համոզված է Մարուքյանը՝ ավելեացնլով, որ գործընթացը պետք է փոխադարձ լինի՝ մենք ճանաչել ենք, դու էլ ճանաչիր։

Պատասխանելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցին՝ քաղաքական գործիչը հայտնել է, որ սահմանը փակել է Անկարան, և հենց նա էլ պետք է բացի, իսկ երբ սահմանը բացվի, «Լուսավոր Հայաստանը» պատրաստ է աշխատել։ Միևնույն ժամանակ, Մարուքյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը խորհրդարան կներկայացնի օրենքների փաթեթներ, որոնք կոչված են պաշտպանելու երկրի տնտեսությունը։

Նա նաև տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայից հետո վարչապետ Փաշինյանին առաջարկել է ստեղծել փախստականների նախարարություն, ինչին վերջինս չի համաձայնել, և դա Մարուքյանի ու Փաշինյանի վերջին հանդիպումն էր։ Քաղաքական գործչի խոսքով՝ նման նախարարության ստեղծումը թույլ կտար լուծել Արցախի 150 հազար փախստականների մեծ մասի խնդիրները, սակայն իշխանությունները նախընտրել են նվազեցնել այդ խնդիրների կարևորությունը։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի անքակտելի իրավունքը միջազգային հանրության կողմից ճանաչված է», – ընդգծել է Մարուքյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *