Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հրաժարվել մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվայում անցկացվելիք տոնական միջոցառումներին մասնակցելուց։ «Մենք ունենք դիմումներ որոշ պետությունների՝ Ռուսաստանի մերձավորներից, որ նրանց ներկայացուցիչները պատրաստվում են լինել Մոսկվայում։ Տարօրինակ ցանկություն է… այս օրերին։ Մենք խորհուրդ չենք տալիս», – հայտնել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ Կիևը ավելի վաղ առաջարկել էր Մոսկվային մայիսի 6-ից դադարեցնել կրակը, սակայն փոխարենը ստացել էր միայն նոր հարվածներ և սպառնալիքներ։
Դրանից առաջ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր հրադադար հայտարարել մայիսի 9-ին։ Զելենսկին քննադատել է Կրեմլի փորձը՝ ռազմական գործողություններում ժամանակավոր դադար ստանալ միայն Մոսկվայում անցկացվող շքերթի ժամանակահատվածի համար։ «Պետք է գնահատել մարդկանց, ոչ թե շքերթները։ Պետք է հաստատել խաղաղությունը, ոչ թե վազել աշխարհի մայրաքաղաքներով՝ դադար խնդրելով», – ասել է Զելենսկին։ Այս ֆոնին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Հաղթանակի շքերթում առաջին անգամ 2007 թվականից ի վեր չի ներկայացվի ռազմական տեխնիկայի շարասյուն։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ միջոցառումը կանցնի «կրճատված ձևաչափով»՝ Կիևի կողմից «օպերատիվ իրավիճակի» և «ահաբեկչական սպառնալիքի» պատճառով։
Միաժամանակ, նախագահի վարչակազմը չեղարկել է օտարերկրյա լրագրողների համար շքերթի հրավերները։ Հավաստագրումը չեղարկվել է Der Spiegel-ի, ARD, ZDF, Sky, Rai և NHK հեռուստաալիքների, ինչպես նաև AFP լրատվական գործակալության աշխատակիցների համար։ «Տիրող իրավիճակի պատճառով շքերթի լուսաբանման ձևաչափը փոխվել է, հետևաբար արդեն հավաստագրում ունեցող օտարերկրյա լրատվամիջոցների մասնակցությունն այլևս չի թույլատրվի», – հայտնել են Կրեմլում Der Spiegel-ի ներկայացուցիչին։ Արտասահմանյան այլ լրատվամիջոցներին հայտնել են, որ շքերթին թույլատրվում է միայն ռուսական լրատվամիջոցների մասնակցությունը։
Կրեմլի տվյալներով՝ ռուսական մայրաքաղաքում Հաղթանակի շքերթին ներկա կլինեն Բելառուսի, Մալայզիայի, Լաոսի և մասնակիորեն ճանաչված Աբխազիայի ու Հարավային Օսիայի առաջնորդները։ Նաև Մոսկվա կժամանեն Սլովակիայի վարչապետը և Սերբական Հանրապետության նախագահը։ Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրների առաջնորդների թիվը շքերթին կլինի ամենացածրը 2022 թվականից ի վեր, երբ Պուտինի մոտ չեկավ ոչ մի արտասահմանյան պետության ղեկավար, և նա քայլերթային շարասյուները դիմավորում էր մենակ։