Politico․ Մերցի ներքին խնդիրները թուլացնում են Գերմանիայի ազդեցությունը ԵՄ-ում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ներքաղաքական դժվարությունները խոչընդոտում են Եվրամիությունում որոշումների ընդունման գործընթացի վրա Բեռլինի լիարժեք ազդեցությանը։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի դիվանագետներին։

Պարբերականի տվյալներով՝ ԵՄ աշխատանքային խմբերի նիստերում Գերմանիայի ներկայացուցիչները հաճախ չեն կարողանում արտահայտել երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ Բեռլինից ցուցումների բացակայության պատճառով։ Նշվել է, որ դա արդեն դանդաղեցրել է մի շարք հարցերի քննարկումը, այդ թվում՝ ծխախոտային արտադրանքի կարգավորումն ու արհեստական բանականության ոլորտում նորմերի պարզեցումը։

Politico-ի զրուցակիցները նաև մատնանշել են Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեա-դեմոկրատական միության և նրա կոալիցիոն գործընկերների՝ սոցիալ-դեմոկրատների միջև առկա հակասությունները։ Դիվանագետների կարծիքով՝ Գերմանիայի կառավարության ներսում տարաձայնությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի վավերացման ձգձգման պատճառներից մեկն են դարձել։

Միաժամանակ, պարբերականի աղբյուրները նշել են, որ, չնայած ստեղծված իրավիճակին, նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի օրոք իրավիճակն էլ ավելի վատ էր։ Սակայն կառավարության ղեկավարի պաշտոնում Մերցի աշխատանքի վերաբերյալ սպասումներն աստիճանաբար նվազում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *