Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը ներկայացվում է որպես կարևոր դիվանագիտական ձեռքբերում։
Ի՞նչ պիտի անեն Հայաստանն ու Ֆրանսիան, որ գործընկերությունն իրոք ռազմավարական դառնա, հռչակագիրը չմնա թղթի վրա։
Նախկինում հայ-ֆրանսիական գործընկերությունը շոշափելի արդյունք չի տվել։ Երբ Նիկոլ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր, ՀՀ իշխանությունները մերժում էին Ֆրանսիայի կողմից ներդրումային առաջարկները։ Օրինակ՝ Երևան-Էջմիածին արագընթաց երկաթուղու կառուցման մասին Ֆրանսիայի առաջարկած ներդրումային նախագիծը արհամարհանքի է արժանացել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից։
Ներկայումս բան է փոխվել, Ֆրանսիան որոշակի աջակցություն է ցուցաբերում բանակին, համազգեստ է տրամադրում, որոշ զինատեսակներ և այլն։ Սա լավատեսություն է ներշնչում, որ առաջիկայում նաև լուրջ ներդրումներ կլինեն։
Հայաստանն ու Ֆրանսիան բազմաթիվ հարցերում էապես տարբեր դիրքորոշումներ ունեն։ Դրանք վերաբերում են ոչ միայն գլոբալ և քաղաքակրթական, այլև տեղական ու տարածաշրջանային խնդիրներին։ Հայաստանն ու Ֆրանսիան տարբեր մաքսային գոտիներում են, և նրանց միջև առևտրի ընդլայնումը տնտեսապես արդարացված չէ։ Շուկաներն ու դրանց պահանջները ևս շատ տարբեր են։ Այստեղ ևս գործընկերության շրջանակները շատ փոքր են։ Եթե ՀՀ-ն իրապես ուզում է ռազմավարական գործընկերություն զարգացնել, ապա օր առաջ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գա և ՀՀ տնտեսությունը համապատասխանեցնի եվրոպական չափանիշներին։
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ՀՀ-ում ռուսական բազա կա, սահմաններին՝ ռուս սահմանապահներ։ Իսկ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է։ Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունը ռազմավարական դարձնելու համար անհրաժեշտ է մտածել ՀՀ-ից ռուսական զորքերը դուրս հրավիրելու մասին։
Արցախի վերաբերյալ ևս ՔՊ-ական իշխանությունների ու Ֆրանսիայի դիրքորոշումներում տարբերություն կա։ Ուստի՝ ՀՀ իշխանությունը պետք է ջանք գործադրի, որ այս հարցում ևս մոտեցնի դիրքորոշումները, որ գործընկերությունն արդյունավետ լինի։
Թվարկված ու շատ այլ տարբերությունները հիմք են տալիս ենթադրելու, որ գործընկերությունը հնարավոր կլինի զարգացնել ու դարձնել ռազմավարական, եթե ՀՀ իշխանությունները լուրջ քայլեր անեն։ Ճիշտ է, հռչակագրում նշված գրեթե բոլոր ոլորտներում շատ խորհրդակցություններ են նախատեսված, քիչ գործ, սակայն լավատեսորեն կարելի է հուսալ, որ այդ խորհրդակցությունները դատարկախոսության չեն վերածվի։
Նկատելի է նաև, որ հայերն ու ֆրանսիացիները տարբեր աշխարհընկալում ունեն։ Օրինակ՝ ազատության, հավասարության, եղբայրության, մարդկային այլ արժեքների մասին մեր ու ֆրանսիացիների ընկալումները տարբեր են, և մենք միմյանց դժվարությամբ կարող ենք հասկանալ։ Ուստի՝ ռազմավարական գործընկերություն անելու համար նախ պետք է այս արժեքները իսկապես բարձրացնել, մարդասիրության օրինակ ծառայել, ոչ թե ատելություն տարածել։
Հանրային խոսույթում տեսակետ է տարածվում, թե հայ-ֆրանսիական այս հռչակագիրը ուղերձ է Արևմուտքին և տարածաշրջանի մյուս խաղացողներին, որ Հայաստանը փորձում է բազմազանեցնել իր արտաքին քաղաքականությունը, թե ՀՀ-ն ռուսական կցորդ չէ, ինչպես նախկինում, երբ Փաշինյանը ֆորպոստի վարչապետ էր։ Այդ տարիներին ՀՀ-ն միայն Կրեմլի հրահանգն էր կատարում։ Իսկ հիմա ֆրանսիացիների հետ խորհրդակցություններ է անցկացնելու տարեկան 2 անգամ։ Սա առաջընթաց կարելի է դիտարկել այս համեմատության տեսանկյունից։
Ի վերջո՝ հայ-ֆրանսիական միակ ռեալ գործընկերության ասպարեզը «Վեոլիա ջուրն» է։ Նրա աշխատանքից դժգոհ է ժողովրդի մի մասը։ Եթե Երևանն ու Փարիզը կարողանան այնպես անել, որ ջրի մատակարարումներից ու որակից գոհ մարդիկ էապես ավելանան, ապա կարելի է լավատեսություն հայտնել, որ հայ-ֆրանսիական գործընկերությունը կարող է հասնել նաև ռազմավարական մակարդակի։
Կարճ ասած՝ հայ-ֆրանսիական գործընկերությունն իրապես ռազմավարական դարձնելու ուղղությամբ Հայաստանն ու Ֆրանսիան լուրջ քայլեր պիտի անեն։ Հակառակ պարագայում՝ այս հռչակագիրը, հավանաբար, կմնա ցանկությունների մակարդակում։
Թաթուլ Մկրտչյան