Մայիսի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ–ից։
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը կսահմանի նաև համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները:
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակը ոստիկանության համակարգում կադրային կայունության ապահովումն է։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում ոստիկանության ծառայողները հաճախ ծառայությունն իրականացնում են ոչ իրենց բնակավայրում, ինչի արդյունքում առաջանում է նրանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտություն։
Այս համատեքստում առաջարկվում է պետության կողմից սահմանել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, որոնք կնպաստեն ծառայության գրավչության բարձրացմանը նաև հեռավոր մարզերում։