Մոտ 40 նավ, որոնք Հնդկաստան են տեղափոխում նավթ և հեղուկ բնական գազ (ՀԲԳ), արդեն ավելի քան երկու ամիս արգելափակված է Հորմուզի նեղուցում՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով։ Այս մասին The Times of India թերթին հայտնել են հարավասիական հանրապետության նավագնացության նախարարության ներկայացուցիչները։
«ԱՄՆ-ի և Իրանի՝ որքան հնարավոր է շուտ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը և Մերձավոր Արևելքի հակամարտության ավարտը կթույլատրեն վերսկսել Հորմուզի նեղուցով Հնդկաստանի համար կենսականորեն անհրաժեշտ բեռների առաքումը», – նշել են պարբերականի զրուցակիցները։
Հնդկաստանը, ինչպես Հորմուզի նեղուցում նավագնացության շրջափակումից տուժած ցանկացած այլ երկիր, հույս ունի, որ Մերձավոր Արևելքում պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի, հավելել են նախարարությունում։
Նախարարության տվյալներով՝ Հորմուզի նեղուցում կանգնած են Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող 13 նավ և հնդկական անձնակազմերով մի քանի տասնյակ օտարերկրյա նավեր, որոնք հանրապետություն են տեղափոխում նավթ, ՀԲԳ, պարարտանյութեր և այլ հրատապ բեռներ։ «Այս նավերի՝ նեղուցով անցնելուց են էապես կախված Հնդկաստանի էներգետիկ անվտանգությունը և նրա տնտեսական շահերը», – ընդգծել են գերատեսչությունում։