
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, որը տևելու է ուղիղ մեկ ամիս։ Շատ հաճախ ենք լսում նույն հուսահատ արտահայտությունը՝ «մեր ձայնը ո՞վ ա բանի տեղ դնում» կամ՝ «մեկ է՝ իրենց ուզածն են անելու»։ Ժողովուրդ ջան, ապատիան, այս հուսահատությունը, ընտրատեղամաս չգնալու որոշումն ամենամեծ նվերն է այն մարդկանց, ովքեր այսօր կործանում են մեր պետությունը։ Երբ դուք որոշում եք մնալ տանը, ձեր փոխարեն որոշելու, ձեր կյանքը տնօրինելու իրավունքը նվիրում եք նրանց, ումից ամեն օր բողոքում եք։
Քաղաքացու ամենաուժեղ զենքերից է պահանջելու իրավունքը։ Եթե դու ալարել ես կամ հիասթափությունից դրդված՝ հրաժարվել ես կիրակի օրով տանից դուրս գալ ու գնալ ընտրատեղամաս, դու կորցրել ես այդ պահանջելու իրավունքը հաջորդ 5 տարվա համար և համաձայնել ես այն ամենի հետ, ինչ անում են քո և քո երկրի գլխին։ Ի՞նչ իրավունքով ես դժգոհելու խանութի անտրամաբանական գներից, թշնամու առաջխաղացումից, վատ օրենքներից։ Դժգոհ էիր՝ քվեարկեիր։ Ընտրությունն այն միակ և գլխավոր պայմանագիրն է, որով դու պետությունից և պաշտոնյայից պահանջելու լեգիտիմ մանդատ ես ստանում։
Խորհրդարանական ընտրությունն ընդամենն աթոռների ու մանդատների բաշխում չէ քաղաքական ուժերի միջև։ Ընտրությունը մեր առօրյայի, մեր ֆիզիկական գոյության մասին է։ Այն քվեաթերթիկը, որը դուք գցում եք տուփի մեջ, դա որոշում է, վճիռ է, դու վճռում ես հա՛մ քաղաքական ուժերի ճակատագիր, հա՛մ քո ճակատագիր, հա՛մ պետության։ Չմասնակցելն էլ է որոշում, ուղղակի՝ արդեն քո դեմ։ Ընտրությունը որոշում է՝ վաղը մեր սահմանին զինվո՞ր է կանգնելու և պաշտպանելու մեր տունը, թե՞ թշնամին առաջ է գալու առանց կրակոցի։ Ընտրությունը որոշում է՝ ձեր վճարած քրտինքով ստեղծված հարկերը գնալու են պետության զարգացմա՞նը, թե՞ մեկի պարգևավճարին ու նոր ծառայողական մեքենային։
Հիշե՛ք մի պարզ բան՝ որքան ցածր է մասնակցությունը, այնքան հեշտ է իշխանության համար գործի դնել վարչական ռեսուրսը և վերարտադրվել։ Բարձր մասնակցությունը կոտրում է ցանկացած վարչական ապարատի մեջք։
Չգնալ ընտրության՝ նշանակում է հանձնվել, համակերպվել այս մղձավանջի հետ, նշանակում է՝ այն կյանքին, որից դժգոհ եք, արժանի եք։ Մի՛ տվեք ձեր ճակատագիրը տնօրինելու իրավունքը նրանց, ովքեր ձեզ հասցրել են այս օրվան։ Ձեր մեկ քվեն ավելի զորեղ է, քան պատկերացնում եք։
Ի դեպ, տարբեր հարցումներ ենք տեսնում ընտրողների շրջանում, որոնք հենց կոչ են անում գնալ ընտրության՝ հիմնավորելով դրա կարևորությունը։ Լսենք նրանց»։