Պիտի ընտրություն կատարել հանուն ապագայի

«Մենք այստեղ պաշտոն կամ մանդատ ստանալու համար չենք եկել։ Մեզ այս հրապարակ է բերել ժողովրդի, անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվությունը»,- Էջմիածնում նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններում պայքարը հստակ բևեռացված է։ Սաղաթելյանը նշեց, որ մի կողմում, իր գնահատմամբ, կանգնած են հայրենիքի շահերը վնասող ուժերը, իսկ մյուս կողմում՝ ազգային արժեքներ կրող գործիչները։ Նա հակադրեց նաև Հայ առաքելական եկեղեցին ու ազգային ավանդույթները՝ իշխանություններին և նրանց քաղաքականությանը։

Պատգամավորը հայտարարեց, որ մյուս կողմում կանգնած են նրանք, ովքեր, ըստ նրա, պարտություն և զիջումներ են բերել, մինչդեռ իրենց թիմը ներկայացնում է հաղթանակի, խաղաղության և ազգային արժանապատվության գաղափարը։ Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս ժողովրդի և պետության շահերի պաշտպանության դիրքերից։

Սաղաթելյանն անդրադարձավ նաև մայիսի 8-ի խորհրդանշական նշանակությանը՝ նշելով, որ հայ ժողովուրդը պետք է տոներ եռատոնը, սակայն, իր խոսքով, հասարակությունից փորձում են խլել անցյալն ու ազգային հիշողությունը։ Նա քննադատեց այն մոտեցումները, որոնց համաձայն ժողովրդի անվտանգության երաշխավոր են ներկայացվում այն ուժերը, որոնք, ըստ նրա, հակառակ դեր են ունեցել։

Ելույթի ավարտին Իշխան Սաղաթելյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը հաղթահարել է ծանր փորձություններ, կերտել պետականություն և պայքարել անկախության համար։ Նա քաղաքացիներին կոչ արեց կանգնել Հայաստանի կողքին և ընտրություն կատարել հանուն երկրի ապագայի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *