2 օր հետեւում էի ԵՄ գագաթնաժողովի ընթացքին, այն, որ այս ամբողջից հրճված էր ՀՀ իշխանությունը, հասկանալի էր, սակայն ինչի վրա էր ուրախացել ժողովրդի որոշ հատվածը, ինքնամոռաց սելֆիներ էր անում Ֆրանսիայի նախագահի հետ, այ, դա շատ անհասկանալի էր: Թեեւ չեմ բացառում, որ դրանք իշխանության դրածոներն էին, հակառակ դեպքում՝ թույլ չէին տա մոտենալ Մակրոնին…
Միեւնույն ժամանակ, չեմ վիճարկում՝ այսօր կարող են լինել մարդիկ, որ մեկ օր շուտ ցանկանում են նետվել Եվրոպայի գիրկը, ինչպես ասում են՝ իրենց ընտրությունն է․ գուցե հայ ազգի եւ Հայաստանի փրկությունը տեսնում են ա՞յդ ճանապարհով։ Սակայն ստիպված եմ հիասթափեցնել նրանց։ Նախ հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի, դրանից հետո Ստեփանակերտը շրջափակման մեջ պահելու ողջ ընթացքում, 2023-ին արցախցիների բռնի տեղահանման ժամանակ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, հայտարարություններից բացի, որեւէ գործնական քայլ չիրականացրին Ադրբեջանի նկատմամբ։ Անգործություն ցուցաբերեցին նաեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանը չկատարեց Եվրադատարանի մի շարք որոշումներ` կապված հայ-ադրբեջանական կոնֆլիկտի (այսինքն՝ 2020 եւ 2023 թթ․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո), հայ ազգաբնակչության, գերիներին ազատ արձակելու պահանջների, Չինարիում զոհված հայ զինվորների նկատմամբ չհիմնավորված օդուժի կիրառման հետ եւ այլն։ Ցանկը կարելի է երկար թվարկել։ Եվրամիության կողմից անգործություն է դրսեւորվել անգամ այն պահին, երբ Ադրբեջանն ապօրինաբար դատում է Արցախի (ԼՂՀ) նախկին պաշտոնյաներին, ոչինչ չի արվում, երբ ադրբեջանական վանդալներն Արցախում ոչնչացնում են քրիստոնեական արժեքները՝ հայկական հետքը։ Այս ամենի դիմաց միայն հայտարարություններ եւ չպարտավորեցնող բանաձեւեր…
Մինչդեռ, նույն Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն կարող էին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ կիրառել տնտեսական պատժամիջոցներ, անգամ հիմա ուշ չէ։ Սակայն նման բան Էմանուել Մակրոնը չի անի, ավելի հեշտ է ստել, թոզ փչել հայ ժողովրդի աչքերին եւ ձեռքի հետ Ռուսաստանին կծելով ասել. «8 տարի առաջ այս երկիրը դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, եւ 8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան»։
Այսպիսով, մի կողմից՝ Փաշինյանի թեւերի տակ ձմերուկ դրեց, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններում փորձեց սեպ խրել, մի խոսքով, իր շահով առաջնորդվեց։ Ի դեպ, կարմիր գորգի վրա Մակրոնին ուղղված հարցը՝ Հորմուզի նեղուցի հետ կապված, եւս նրա շահերից էր բխում, որ եւս մեկ անգամ նա ԱՄՆ նախագահին պատասխանի։ Մեկ դիտարկում եւս․ սա Մակրոնի երկրորդ այցն է Հայաստան։ Հիշեցնենք․ նա Ֆրանսիայի նախագահ է դարձել 2017-ին, իսկ 2018-ի հոկտեմբերին այցելել է Հայաստան` Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչ վերաբերում է մինչ այս Հայաստան Ֆրանսիայի նախկին նախագահների այցերին, ապա հայկական լրատվամիջոցները մանրամասն ներկայացրել են այդ այցերը, անգամ տեսաձայնագրություններ կան։
Երկրորդ կարեւոր գործոնը, որի մասին չպետք է մոռանալ, այն է, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի եվրոպական որեւէ երկրի հետ: Այս տեսակետից Հայաստանը չխառնեք Ուկրաինայի աշխարհագրական դիրքի հետ, որտեղ եվրոպական երկրները, իրենց շահերից ելնելով, կռվում են ՌԴ-ի դեմ, որի արդյունքը տխուր է լինելու, Ուկրաինայից, ինչպես ասում են, կարող են մնալ «պոզերն ու պոչը»…
Երրորդը․ չմոռանանք պատմությունը։ 1915-ին Եվրոպան պրոհայկական հայտարարություններով, հումանիտար օգնություններով էր հանդես գալիս, սակայն գործնականում թուրքի ցեղասպան ձեռքից հային ու Հայաստանը պաշտպանողը եղավ Ռուսաստանը։ Սա պատմական փաստ է։ Պատմական փաստ է նաեւ, որ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Անգլիան, «տակից» սպասարկել են թուրքական շահը։ Այնպես որ, 1 դար անց, ցավոք, պատմությունը կրկնվում է…
Այսօր հայ ժողովրդին Հայաստանում գովաբանելը նման է չլարված թակարդի մեջ դրված պանրի, որը մուկն անվախ եւ ամեն անգամ ուրախ տանում է, բայց չգիտի, որ հարմար պահի թակարդը լարելու են: Այնպես չլինի, որ մի օր ստիպված նորից ասենք. «Օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտը մտավ Հայոց սուրբ աշխարհը»։
Ժանո Վարդանյան