
Մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում հարյուրից ավելի հնդիկ բանվորներ, ովքեր աշխատում են «ԻՋ գրանդ տեքստիլ» ընկերությունում, ոստիկանության Իջևանի բաժնի շենքի առաջ ցույց են արել։
Նրանք մի քանի պահանջ են ներկայացրել: Մեկն այն է, որ աշխատանքային ժամերին իրենց հեռախոսները թույլ տան պահեն իրենց մոտ։ Աշխատանքի ժամանակ հնդիկ կարողներից, պարզվում է, հեռախոսները հավաքում են, որպեսզի չխանգարի նրանց աշխատանքին։
Հնդիկ դերձակներն ասում են, որ հեռախոսներից օգտվում են ընդմիջումներին, աշխատանքից ազատ ժամանակ։ Բայց հեռախոսները հնդիկների ոչ հիմնական պահանջն է, հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է, նրանք պահանջում են ամսական 2 հազար դոլար աշխատավարձ վճարել իրենց։
Ներկայումս Իջևանի կարի արտադրամասում աշխատողների բանկային քարտերին ամեն ամիս փոխանցվում է 500 ԱՄՆ դոլար, ինչը Հայաստանի այլ հիմնարկներում աշխատող հնդիկների աշխատավարձի համեմատ ցածր աշխատավարձ չի համարվում։
Իջևանի կարի ֆաբրիկայի աշխատողների համար գործադուլը դարձել է սովորույթ` նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են անում։ Կարի ֆաբրիկայի ղեկավարությունում մոտ 10 օր առաջ փոփոխություն է եղել, այժմ ձեռնարկությունը ղեկավարում է Դելավեր ազգանունով մեկը` Ղրիմից Իջեւան եկած ազգությամբ թաթար։
Իջևանի նախկին հանրախանութի 2-րդ հարկում գործող կարի արտադրամասը` «ԻՋ գրանդ տեքստիլը» որսորդական և ձկնորսական բաճկոններ է կարում, որոնք հիմնականում արտահանվում են Ռուսաստան։