Ղարաբաղի հարցը լուծված և փակված էր 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությամբ․ Փաշինյանը կրկին արդարացել է

Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում իր ելույթում նորից խոսել է Արցախի կորստի մասին ու հայտարարել, թե Արցախը իրենք չեն հանձնել, այլ ստիպված են եղել նման որոշում կայացնել, քանի որ ամեն ինչ արդեն որոշված էր։

«Սա ծանր որոշում է եղել ինձ համար, այդ թվում անձնական առումով, որովհետև ես սկսել եմ քաղաքականությամբ զբաղվել Ղարաբաղյան շարժման բերումով։ Ղարաբաղյան շարժումն է ինձ բերել քաղաքականություն, բայց ես հասկացել եմ, որ մենք թակարդի մեջ ենք։ Երբ ծանոթացել եմ բանակցային թղթերին, հասկացել եմ, որ Ղարաբաղի հարցը լուծված և փակված է 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի տրամաբանությամբ»,–հայտարարել է Փաշինյանը։

Փաշինյանը հայտարարել է, թե Սյունիքի հետ կապված որևէ անվտանգային հարց չկա, բոլոր հարցերը լուծված են։

«Սյունիքի վերաբերյալ միակ հարցն այն է՝ կհասցնե՞ք այնքան հյուրանոցներ կառուցել, որպեսզի այդքան զբոսաշրջիկներ ընդունեք։ Հեսա ճանապարհներն են բացվելու, TRIPP նախագիծն է գործելու, հասցնելու՞ է Սյունիքը էդքան բարեկեցությունից իր բաժինը ստանա։ Սյունիքի հետ ուրիշ որևէ հարց չկա։ Սյունիքի հետ կապված մի հարց էլ կա, որը բայց արդեն լուծված է։ Մենք գիտենք, որ կա տարածքների խնդիր։ Մենք ասում ենք, որ ՀՀ 200 կմ քառակուսի տարածք։ Էս վերջերս լսեցի, որ ընդդիմությունն ասում է, թե այդ տարածքները մեր ժամանակ են օկուպացվել, ո՛չ, այդ 200 կմ–ի մեջ մտնում է Արծվաշենը, Տավուշի հատվածները, որոնք 1990-ականներից այդ կարգավիճակում են։ Բայց ես այդ հարցն էլ եմ համարում լուծված, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում գրված է, որ սահմանազատման հիմքում ընկած է Ալմա–Աթիի հնռչակագիրը, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքը նույնական է խորհրդային Հայաստանի տարածքին։ Էս քարտեզը դրա մասին և դրա համար է»,–ասել է Փաշինյանը՝ ցույց տալով կրծքին փակցրած՝ իր պատկերացրած Հայաստանի քարտեզը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *