Northrop Grumman ընկերության կողմից ԱՄՆ պաշտպանության նախարարության առաջադեմ պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալության (DARPA) ծրագրի շրջանակում մշակված XRQ-73 հիբրիդային անօդաչուն առաջին անգամ բարձրացել է օդ։
Northrop Grumman-ի տվյալներով՝ XRQ-73-ը նախատեսված է թեթև ինքնավար թռչող սարքերի համար նոր սերնդի էներգակայանների զարգացման համար։ Նրա հիբրիդային համակարգը համադրում է վառելիքի տնտեսումը, ջերմային և ձայնային նկատելիության նվազեցումը, ինչպես նաև նոր մարտավարական հնարավորություններ։
Առաջին թռիչքը նախատեսվում էր իրականացնել դեռևս մինչև 2024 թվականի վերջը, սակայն ծրագիրը բախվել է անհայտ տեխնիկական դժվարությունների, փոխանցում է Naked Science-ը։ Այժմ արդեն ակնհայտ է, որ սարքը ենթարկվել է մի շարք լուրջ փոփոխությունների։
Դրանցից ամենաակնառուն՝ թևի վերին մակերեսին, ծայրամասերին ավելի մոտ տեղադրված երկու ուղղաձիգ կիլերի հայտնվելն է։ Չի բացառվում, որ հետագայում դրանք կհեռացվեն՝ փորձարկումների ծրագրի ընդլայնմանը զուգընթաց։ Նմանատիպ տարրեր կիրառվել էին նաև նախորդ XRQ-72A-ում։
XRQ-73-ի մանրամասն բնութագրերը դեռ չեն հրապարակվել, սակայն DARPA-ն այն դասում է Group 3 անօդաչուների շարքին։ Սարքի զանգվածը մոտ 560 կիլոգրամ է։ ԱՄՆ զինվորականների դասակարգմամբ՝ նման ԱԹՍ-ները կարող են գործել 1000-ից մինչև 5500 մետր բարձրություններում և զարգացնել ժամում 180-ից 450 կիլոմետր արագություն։