Բոլորի համար ակնհայտ իրողություն է, որ Հայաստանը դիվերսֆիկացնում է իր հարաբերությունները, և այդ համատեքստում նաև պաշտպանական քաղաքականության ոլորտում ևս տեղի է ունենում դիվերսիֆիկացիա։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել։
«Այստեղ ոչ մի նորություն չկա, այս առումով դա իրականացվում է մեր ռազմական կարողությունները զարգացնելու, կատարելագործելու նկատառումներով։
Եթե մենք ունենք հարաբերություններ Հնդկաստանի հետ, և դրանք դրական դինամիկայով զարգանում են, բնականաբար, դա հրաշալի է, որովհետեւ դուք էլ տեսնում եք, որ բարձր մակարդակով այցեր են տեղի ունենում։ Դա գովելի է և նաև բխում է Հայաստանի շահերից։ Մենք չպետք է պարփակված, մեր խնդիրներով պարուրված մնանք և այդ առումով, որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այդ թվում եվրոպական և այլ երկրների, որոնք ցանկանում են, որ Հայաստանում տիրի խաղաղություն, ինչը իրականացնում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման, մենք պետք է իրենց հետ մեր հարաբերություններն ավելի զարգացնենք»,–ասաց նա։
Հարցին՝ արդյոք դա տեղի չի ունենում մեր արդեն եղած գործընկերների, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին, փոխնախարարը պատասխանեց. «Որևէ մեկի հաշվին որևէ մեկի հետ հարաբերություններ չեն իրականացվում։ Իրականացվում է դիվերսիֆիկացիա, ինչը ենթադրում է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել հանուն Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացման։ Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում»։
Արման Սարգսյանը հավաստիացրեց, որ մենք այսօր ունենք ավելի լավ, ավելի կազմակերպված բանակ, թե հիգիենայի, թե կենցաղային պայմանների առումով, իսկ վաղը ավելի լավ պայմաններ են լինելու։