Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություննե՞ր չեն եղել․ հարց ՆԳ նախարարին

NEWS.am-ի թղթակիցը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հարցրել է, թե արդյո՞ք Վեդիում անչափահասների նկատմամբ մանկապիղծ գործողությունների դեպքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել, քանի որ լուրեր են շրջանառվում, թե կատարվածի մասին ահազանգել են դեռ երկու ամիս առաջ։

«Վեդիում տեղի ունեցածի վերաբերյալ․ ասում են՝ դեռ երկու ամիս առաջ ահազանգ կար, ինչո՞ւ չեն ձերբակալվել մանկապիղծները։ Օպերատիվ տեղեկություննե՞ր չեն եղել, տիկին Սարգսյան», — հարցրել է լրագրողը։

«Դուք հետևո՞ւմ եք ընդհանրապես լրատվությանը», – լրագրողին հարցրել է նախարարը, ինչին նա դրական պատասխան է տվել։

«Եթե հետևում եք, նկատած կլինեք, որ դեպքը համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ տվյալի հիման վրա է պարզվել, նույն օրը տվյալն իրացվել է, հետո Վեդիի բաժինն իրականացրել է ձերբակալում, և ձերբակալվածին հանձնել են քննչական մարմնին։

Եվ եթե համադրեք իմ ասածը ձեր հարցի հետ, կնկատեք, որ դուք ներկայացրել եք իրականությանը չհամապատասխանող փաստեր», – ասել է Արփինե Սարգսյանը։

Լրագրողը հակադարձել է՝ ստացվում է, որ մանկապիղծներին ձերբակալել են, բայց Քննչական կոմիտեն նրանց ազատ է արձակել։

«Ձերբակալվել են, կա նախաքննություն։ Նախաքննությունն ունի տրամաբանություն, և գործընկերներն ըստ այդմ քայլեր են ձեռնարկել։

Մնացյալը նախարարության տիրույթում չի գտնվում», – ասել է նախարարը։

Լրագրողը նաև հարցրել է ՀՀ ՆԳ նախարարին՝ արդյոք կա որևէ տեղեկություն օրերս ձերբակալված երրորդ կասկածյալի մասին, և հաջողվե՞լ է նրանից ցուցմունքներ ստանալ։

«Այդ գործառույթները նախարարության տիրույթում չի, կարծում եմ՝ նախաքննական մարմինը պատեհ պահին անհրաժեշտ ինֆորմացիայով հանդես կգա», – պատասխանել է նախարարը։

Նշենք, որ Վեդի քաղաքում տեղի է ունեցել անչափահասների սեռական ոտնձգության դեպք։ Վեդիի 58 և 65 տարեկան տղամարդիկ սեռական գործողություններ են իրականացրել երկու անչափահաս քույրերի նկատմամբ։

Հիշեցնենք, որ փաստաբան Վարդուհի Էլբակյանը երեկ հայտնել էր, որ գործով ներգրավված է 3 անձ, իսկ տուժողները՝ 15 և 17 տարեկան աղջիկներ են։

Հիշեցնենք, որ միայն հանրային մեծ արձագանքից հետո իրավապահները ձերբակալեցին, իսկ այնուհետև դատարանը կալանավորեց Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական գործողությունների գործով անցնող երկու տղամարդու: Ավելի ուշ հանրային քրեական հետապնդում հարուցվեց նաև երրորդ անձի նկատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *