Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն է ստեղծում՝ հիմնվելով մարտական փորձի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռուս զինվորների կողքին են բանվորներն ու կոնստրուկտորները, ինժեներները, գիտնականներն ու գյուտարարները։ Նրանք շարունակում են իրենց նախորդների ավանդույթները և, հենվելով ժամանակակից մարտական փորձի վրա, ստեղծում են սպառազինության առաջատար ու եզակի նմուշներ՝ զուգահեռաբար կազմակերպելով դրանց զանգվածային արտադրությունը», – ասել է նա Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված շքերթի ժամանակ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի հաջողության գրավականը բարոյական և հոգևոր ուժն է, խիզախությունն ու քաջությունը, համախմբվածությունն ու ցանկացած փորձությունը հաղթահարելու կարողությունը։
«Հաջողության գրավականը մեր բարոյական, հոգևոր ուժն է, խիզախությունն ու քաջությունը, մեր համախմբվածությունն ու բոլոր փորձություններին դիմակայելու, ցանկացած փորձություն հաղթահարելու կարողությունը։ Մենք ունենք ընդհանուր նպատակ, յուրաքանչյուրն իր անձնական ներդրումն է ունենում այդ հաղթանակի մեջ», – ասել է Պուտինը շքերթի մեկնարկից առաջ։