Մայիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեծ շուքով կայացավ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Հոբելյանական միջոցառումը համախմբել էր բարձրաստիճան հյուրերի Հայաստանի Հանրապետությունից և Ուկրաինայից:


Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Ուկրաինայի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Նատալիա Գալիբարենկոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաուման, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչը, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի պատվիրակությունը՝ Օկսանա Դեսյատնյուկի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր: Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին ելույթներ, որոնցում առանձնահատուկ անդրադարձ կատարվեց համալսարանի հիմնադրման պատմությանը, զարգացման կարևոր փուլերին և գիտակրթական ոլորտում ունեցած նշանակալի ավանդին։


Միջոցառման շրջանակում ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի հրամանով, պարգևատրվեց պատվավոր կրծքանշանով՝ գիտական և կրթական ձեռքբերումների համար: Հանդիսավոր երեկոն եզրափակվեց տոնական համերգով: Նշենք, որ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հիմնադրվել է 2001 թ. հոկտեմբերի 20-ին Երևանում՝ Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա: Այն հանդիսանում է Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը գործում է երկրի սահմաններից դուրս:



