Կարմիր հրապարակում ավարտվել է Հաղթանակի օրվա շքերթը. Պուտինի ելույթը տևել է ավելի քան 8,5 րոպե

Հաղթանակի տոնի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը տևել է 8,5 րոպեից մի փոքր ավելի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ըստ ավանդույթի՝ Հաղթանակի օրը Պուտինը Կարմիր հրապարակում հանդես է եկել հանդիսավոր ճառով, որը տևել է 8,5 րոպե, ինչից հետո սկսվել է շքերթի քայլերթային մասը։

Շաբաթ օրը Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին։

Ներկա պահին շքերթն ավարտված է։

Շքերթի մեկնարկին պատվո պահակախումբը, «Սրբազան պատերազմ» երգի հնչյունների ներքո, ավանդույթի համաձայն հրապարակ է բերել Ռուսաստանի պետական դրոշն ու Հաղթանակի դրոշակը։ Դրանից հետո պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն ու Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Մորդվիչևը շրջել են հրապարակով և ողջունել շարքերով կանգնած զորախմբերին։

Այնուհետև զորախմբերը հանդիսավոր քայլերթով են կատարել Կարմիր հրապարակով։ Ներկայացվել է Ուկրաինայում մարտնչող Ռուսաստանի բոլոր զորատեսակների ու ստորաբաժանումների զինծառայողների աշխատանքը։

Զորահանդեսին մասնակցել է նաև Կորեայի ժողովրդական բանակի զինծառայողների շքերթային ստորաբաժանումը։ Ստորաբաժանման զինվորներն ու սպաները ռուս զինվորների հետ միասին մարտական առաջադրանքներ են կատարել Կուրսկի շրջանում։

«Շքերթի օդային մասի ժամանակ ցուցադրվել է «Կուբայական ալմաստ» կոչվող բարդ հնարքը։ Սա մի թռիչք է, որտեղ ինը կործանիչներ («Ռուսաստանի դյուցազուններ» և «Ստրիժներ» խմբերից) օդում թռչում են այնքան մոտ և այնպիսի դասավորությամբ, որ վերևից հիշեցնում են շեղանկյուն կամ ալմաստի տեսք։ Ինքնաթիռները միմյանցից գտնվել են ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ միաժամանակ կատարելով ընդհանուր թռիչքը։

Շքերթն ավարտվել է 6 հատ Սու-25 գրոհային ինքնաթիռների թռիչքով, որոնք Մոսկվայի երկինքը ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *