Փաշինյանի շնորհավորանքում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը. Լևոն Զուրաբյան

Բոլորիս շնորհավորում եմ հաղթանակների օրվա առթիվ, ես հատուկ շեշտում եմ, որ դրանք եղել են հաղթանակներ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին՝ Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ, ՀԱԿ–ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Եթե դուք կարդաք վարչապետ Փաշինյանի շնորհավորանքը, դուք կտեսնեք, որ այնտեղ չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը։ Փաստորեն, այս հաղթանակներից նա թողել է միայն ֆաշիզմի նկատմամբ հաղթանակը։ Բայց չմոռանանք, որ մենք ունեցել ենք էլի հաղթանակներ։ Խնդիրն այն է, որ մեր անկախությունը կառուցվել է հենց հաղթանակներով և առանց հաղթանակների չէր լինի։ Հայ ժողովրդի երկու հատվածները՝ Հայաստանն ու Արցախը, ոչ թե կռվում էին ինչ–որ տարածքներ գրավելու կամ Ադրբեջանի դեմ, մենք կռվում էինք մեր անկախության, ազատության և մեր սեփական ճակատագիրը տնօրինելու համար։

2020-2023 թվականներին Նիկոլ Փաշինյանն իր ոճրագործ քաղաքականությամբ մեզ ներքաշեց կործանարար պատերազմների մեջ, մեր ժողովրդի մի ամբողջ հատված ենթարկվեց ցեղասպանության ու վտարման։ Մենք պետք է վառ պահենց այդ հաղթանակների հիշատակը, որովհետև դրանք առաջին հերթին խորհրդանշում են մեր կամքը դեպի ազատություն, անկախություն, ինքնիշխանություն»,–ասաց նա։

Զուրաբյանը հայտարարեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանն աշխատում է, որ նաև հայ ժողովրդի այս հատվածը տանի դեպի ստրկացում և ադրբեջանացում. «Մենք այստեղ գալով ուզում ենք ընդգծել, որ թույլ չենք տա, որ նա կործանի նաև Հայաստանի ինքնիշխանությունը։

Հարցին՝ իրենց իշխանության գալու դեպքում ինչպես են հետ բերելու հաղթանակները, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Հաղթանակն առաջին հերթին հզոր պետությունն է, որն ապահովում է իր ժողովրդի համար ազատություն, ինքնիշխանություն, բարեկեցություն։ մենք այդպես ենք բերելու։ Մենք մի ամբողջ ռազմավարական ծրագիր ենք ներկայացրել, որտեղ իսկապես ռազմավարական լուծումներ ենք ներկայացրել։

Բոլոր քաղաքական ուժերը գալիս, ասում են՝ էս կանենք, էն կանենք, մարդկանց կյանքը կբարելավենք։ Շատ լավ, իսկ ձևն առաջարկո՞ւմ եք։ Մեր ծրագիրը գործիքակազմ է, թե ինչպես պետք է լուծենք այդ խնդիրները»։

Հիշեցնենք, որ մայիսի 9–ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *