ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը քննադատել է Պաղեստինում Իսրայելի «գաղութատիրական միջոցները»

ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ահմեդ Յըլդըզը Իսրայելին կոչ է արել դադարեցնել Պաղեստինում իրականացվող «ապօրինի գործողությունները», հայտնում է Al Jazeera-ն։

Յըլդըզը նշել է, որ «պաղեստինցի ժողովրդի, նրանց իրավունքների, հողի, անվտանգության ու արժանապատվության դեմ Իսրայելի շարունակական հարձակումները» հրատապ են դարձնում խնդրի հիմնարար պատճառների վերացումը։

Որպես Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախագահող՝ ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած «Արրիայի բանաձևով» հանդիպման ժամանակ Յըլդըզը ներկայացրել է կազմակերպության հայտարարությունը։ Հայտարարությունը նվիրված է եղել Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմին։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ապօրինի գործողությունները, այդ թվում՝ բնակավայրերի ընդլայնումը, անեքսիայի ծրագրերը, բնակիչների կողմից իրականացվող ահաբեկչությունն ու իսլամական ու քրիստոնեական սրբավայրերի, հատկապես՝ Ալ-Աքսա մզկիթի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները»,- հայտարարել է նա՝ միաժամանակ կոչ անելով վերջ տալ Գազայում հրադադարի ռեժիմի խախտումներին։

Թուրք դիվանագետը հավելել է. «Մենք դատապարտում ենք գաղութացմանն ուղղված բոլոր քայլերը, այդ թվում՝ պաղեստինցիների տների զավթումն ու քանդումը, ինչպես նաև ընտանիքների բռնի տեղահանումը։ Նմանօրինակ անօրինական գործողությունները պետք է դադարեցվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *