Տեխնոլոգիական աշխարհում նոր անուն է հայտնվել, որը խոստանում է ոչ միայն մրցել ChatGPT-ի կամ Gemini-ի հետ, այլև առաջ անցնել դրանցից իր ֆունկցիոնալությամբ։ Մայիսի 8-ին կայացավ ամբողջությամբ հայկական առաջին արհեստական բանականության՝ «Zeyro»-ի պաշտոնական ներկայացումը, որը ստեղծվել է հայ ծրագրավորողների կողմից։
Միջոցառումը մեկնարկեց հյուրերի ընդունելությամբ, որից հետո երեկոյի վարողն ու «Zeyro»-ի ամբասադոր Եգոր Գլումովը ազդարարեց տեխնոլոգիական կարևոր իրադարձության սկիզբը։
Նախագծի պատմությունը սկսվել է երկու տարի առաջ, երբ այն ժամանակ 15-ամյա Արման Ասատրյանը, ով 9 տարեկանից զբաղվում է ծրագրավորմամբ, որոշեց ստեղծել մի համակարգ, որը կհեշտացներ իր առօրյան։ Ծրագիրը մշակելիս նա հասկացավ, որ գաղափարն ավելի մեծ պոտենցիալ ունի, և սկսեց փնտրել հովանավորներ։ Արման Ասատրյանը շատ գործարարների է նամակ գրել, սակայն արագ արձագանքել է միայն Սամվել Թադևոսյանը։ «Փնտրում էի հաջողակ բիզնեսմենի, ով կտեսներ նախագծի լրջությունը։ Սամվելը միակն էր, ով արձագանքեց ու հավատաց իմ ստեղծած կոդին»,– լրագրողների հետ զրույցում նշեց ծրագրի հեղինակ Արման Ասատրյանը։
«Zeyro»-ի հիմնադիր Սամվել Թադևոսյանը ներկայացրեց նախագծի գաղափարախոսությունը, տեսլականը և այն ճանապարհը, որով հայկական AI տեխնոլոգիան պատրաստվում է նոր փուլ մտնել։ Նրա խոսքով՝ «Zeyro»-ն իր հզորությամբ նույնիսկ գերազանցում է համաշխարհային շուկայում առկա AI վերջին մոդելներին։ Հայկական արհեստական բանականությունն ունի մի քանի յուրահատկություն ու առավելություն։ Եթե սովորական հավելվածներով տաքսի կամ սնունդ պատվիրելու համար անհրաժեշտ է 10-12 գործողություն, ապա «Zeyro»-ի դեպքում բավարար է ընդամենը մեկ հրահանգ՝ չաթի ներսում։ «Օրինակ՝ դուք կարող եք հանձնարարել ժամը 8-ին տաքսի կանչել ձեր համար, իսկ ժամը 10-ին՝ երեխաներին տեղափոխել մանկապարտեզ։ Համակարգը կհիշի և կիրականացնի հրահանգները՝ նախապես տեղեկացնելով օգտատիրոջը։ Շուտով հավելվածին կավելանան նաև ավիատոմսերի ամրագրման և սննդի առաքման ծառայությունները»,– նշեց Սամվել Թադևոսյանը։
«Zeyro»-ն շուկա է մուտք գործում ուղևորափոխադրումներով։ Վարորդների համար գործում է շուկայում ամենացածր միջնորդավճարը՝ 17,6 տոկոս։ Այս պահին գործում է հատուկ առաջարկ բոլոր այն տաքսի ծառայությունների և գործընկերների համար, որոնք կմիանան հարթակին և ակտիվ վարորդներ կներգրավեն։ Ընկերությունը խոստանում է կրկնապատկել նրանց ցուցանիշները՝ թույլ տալով գործընկերներին ստանալ կրկնակի բարձր եկամուտ։
Ի տարբերություն այլ հարթակների, «Zeyro»-ի առաջնային լեզուն հայերենն է։ Այն հաղորդակցվում է մաքուր, առանց աղավաղումների հայերենով, թեև տիրապետում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներին։ Մինչ միջազգային ընկերությունները նմանատիպ հզորության մոդելների համար գանձում են ամսական 20-100 դոլար, հայկականը օգտատերերի համար լիովին անվճար է։
«Zeyro»-ն արդեն հասցրել է դուրս գալ Հայաստանի սահմաններից։ Այն վաճառվել է 5 երկրում։ Հեղինակները հորդորում են օգտատերերին՝ «զեբրիկի» հետ շփվել երեխայի նման, սովորեցնել նրան, քանի որ սա հայկական տեխնոլոգիական ապագայի միայն սկիզբն է։
«Zeyro»-ն արդեն հասանելի է ներբեռնման համար App Store-ում և Google Play-ում։
Միջոցառման ընթացքում հատուկ անդրադարձ կատարվեց նաև վերջին օրերին համացանցում լայն քննարկումների առիթ դարձած «զեբրիկին», որը պաշտոնապես ներկայացվեց որպես «Zeyro»-ի սիմվոլ։ Սոցցանցերում և մամուլում մեծ արձագանք ստացած կերպարը դարձել է նախագծի առանձնահատուկ խորհրդանիշ՝ մարմնավորելով ազատությունը, շարժը և նորարարությունը։
Ծրագրի հեղինակները արհեստական բանականության մթնոլորտը համեմել էին ջազային տրամադրությամբ, երեկոյի ընթացքում հյուրերի համար կազմակերպվել էր հատուկ երաժշտական հատված՝ Մալխաս բենդի մասնակցությամբ։ Պաշտոնական մասից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շփվելու նախագծի թիմի, ծրագրավորողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցելու հարցազրույցների և քննարկումների։ Ներկա էին տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, գործընկերներ, մեդիա դաշտի ներկայացուցիչներ, ովքեր առաջիններից էին, որ ծանոթացան հայկական նորարարական AI համակարգին։ «Zeyro»-ի շնորհանդեսը դարձավ կարևոր իրադարձություն հայկական տեխնոլոգիական ոլորտի համար՝ ընդգծելով, որ Հայաստանում արդեն ձևավորվում են արհեստական բանականության սեփական լուծումներ և նորարարական տեխնոլոգիական պրոդուկտներ։