«Մայիսյան հաղթանակները բացառիկ նշանակություն ունեցան». Հովիկ Ավանեսով

«Մայիսյան հաղթանակները բացառիկ նշանակություն ունեցան». Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
     «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ
     Հովիկ Ավանեսովը գրում է. «Սրտանց շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին Եռատոնի՝ Մայիսյան հաղթանակների, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։
     Այս տոնը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենանշանակալի և խորհրդանշական տարեթվերից է, որն իր մեջ ամփոփում է ազգային պայքարի, հաղթանակի, պետական մտածողության, ազատասիրության և հայրենանվիրումի գաղափարները։ Եռատոնը մեր ժողովրդի անկոտրում կամքի, պատմական արդարության վերականգնման ձգտման և սեփական հայրենիքում արժանապատիվ ու ազատ ապրելու իրավունքի պաշտպանության վկայությունն է։
     Մայիսյան հաղթանակները բացառիկ նշանակություն ունեցան ոչ միայն ռազմական և քաղաքական, այլև հոգեբանական ու քաղաքակրթական առումներով։ Դրանք վերահաստատեցին, որ հայ ժողովուրդը, անկախ բոլոր փորձություններից և սպառնալիքներից, ի զորու է համախմբվելու, պաշտպանելու իր գոյությունն ու ազգային ինքնությունը և վերածվելու հաղթանակ կերտող ուժի։ Այդ հաղթանակները դարձան ազգային վերազարթոնքի, միասնականության և պետական ինքնագիտակցության ամրապնդման կարևորագույն հանգրվաններ։
     Եռատոնի գաղափարական և պատմական առանցքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Շուշիի ազատագրումը՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Շուշին բացառիկ նշանակություն ունի ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության համար։ Այն հանդիսանում է հայկական հոգևոր, մշակութային, կրթական և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն կենտրոններից մեկը, որի դերը հայ ազգային ինքնության ձևավորման և պահպանման գործում անգնահատելի է։
     Դարեր շարունակ Շուշին եղել է հայկական մշակութային ու մտավոր կյանքի առանցքային օջախ։ Այն տվել է հայ ժողովրդին բազմաթիվ նշանավոր մտավորականներ, արվեստագետներ, հասարակական և հոգևոր գործիչներ, դարձել է ազգային մշակույթի, գրականության, երաժշտության և կրթության զարգացման կարևոր կենտրոն։ Շուշին իր հայկական էությամբ, պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և հոգևոր արժեքներով մշտապես եղել է համազգային ինքնության խորհրդանիշ։
     Միևնույն ժամանակ Շուշին ունեցել է բացառիկ ռազմավարական նշանակություն։ Նրա աշխարհագրական դիրքը դարեր շարունակ առանցքային դեր է խաղացել Արցախի անվտանգության, տարածաշրջանային կայունության և պաշտպանական համակարգի ապահովման գործում։ Հենց այդ պատճառով Շուշիի ազատագրումը 1992 թվականին դարձավ ոչ միայն ռազմական հաղթանակ, այլև պատմական արդարության վերականգնման, ազգային արժանապատվության վերածննդի և համազգային ոգեշնչման խորհրդանշական իրադարձություն։
     Այսօր, սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ Բաքվի բռնապետական ռեժիմը շարունակում է իր հակահայ և ցեղասպան քաղաքականությունը՝ թիրախավորելով ոչ միայն հայ ժողովրդի հիմնարար իրավունքները, այլև Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Ինչպես Արցախի մյուս բնակավայրերում, այնպես էլ Շուշիում իրականացվում են հայկական մշակութային ինքնության վերացման և պատմության կեղծման հետևողական ծրագրեր։
     Ադրբեջանական իշխանությունները նպատակաուղղված կերպով ոչնչացնում, պղծում և աղավաղում են հայկական եկեղեցիները, պատմաճարտարապետական հուշարձանները, գերեզմանատները և մշակութային արժեքները՝ փորձելով վերացնել հայկական պատմական ներկայության բոլոր հետքերը։ Այդ քաղաքականությունը միջազգային իրավունքի, համամարդկային արժեքների և քաղաքակիրթ աշխարհի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։ Սա մշակութային ցեղասպանություն է, որը պահանջում է անհապաղ և հասցեական արձագանք։
     Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող այս քաղաքականությունը պետք է արժանանա միջազգային հանրության, մասնագիտական կառույցների և մշակութային կազմակերպությունների հստակ ու սկզբունքային գնահատականին։ Այլևս անթույլատրելի է ձևական հայտարարություններով կամ պասիվ դիտորդի դիրքով սահմանափակվելը, երբ համակարգված կերպով ոչնչացվում է հազարամյակների հայկական մշակութային ժառանգությունը։
     Այս առումով անհրաժեշտ եմ համարում հստակ պահանջ ներկայացնել ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանություններին, այնպես էլ միջազգային հանրությանը՝ դադարեցնել անգործությունն ու լռությունը և ձեռնարկել իրական, գործուն և արդյունավետ քայլեր Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ։
     ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային բոլոր հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, նախաձեռնել իրավաքաղաքական և դիվանագիտական գործուն գործընթացներ, ինչպես նաև ապահովել հայկական մշակութային արժեքների պահպանությանն ուղղված համազգային և միջազգային ջանքերի համակարգումը։
     Միաժամանակ միջազգային կառույցները, հատկապես մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպությունները, պարտավոր են ոչ միայն դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպան քաղաքականությունը, այլև կիրառել հստակ վերահսկողական և կանխարգելիչ մեխանիզմներ՝ ապահովելու հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանությունը Արցախի բռնազավթված տարածքներում։ Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը միայն խրախուսում են նոր հանցագործությունները։
     Այդուհանդերձ, որևէ բռնապետական վարչակարգ ի զորու չէ վերացնելու ժողովրդի պատմական հիշողությունը, մշակութային ինքնությունը և հայրենիքին պատկանելու գիտակցությունը։ Շուշին եղել է, կա և մնալու է հայկական քաղաք։ Նրա հոգևոր ու մշակութային էությունը անքակտելիորեն կապված է հայ ժողովրդի բազմադարյա պատմության հետ։
     Մենք համոզված ենք, որ պատմական արդարությունը վերականգնվելու է։ Վստահ ենք, որ Շուշին վերազատագրվելու է և կրկին դառնալու է հայ ժողովրդի հաղթանակի, ազգային վերածննդի և միասնականության խորհրդանիշը։ Վերականգնվելու են հայկական սրբավայրերը, մշակութային օջախներն ու պատմական հուշարձանները, իսկ Շուշին իր արժանի տեղն է զբաղեցնելու համահայկական հոգևոր և մշակութային կյանքի կենտրոնում։
     Հատկապես կարևոր եմ համարում ընդգծել, որ ապագայում Շուշին պետք է վերածվի համահայկական մշակութային մայրաքաղաքի՝ դառնալով հայկական մշակույթի, գիտության, կրթության, արվեստի և հոգևոր կյանքի համազգային կենտրոն։ Շուշին կոչված է վերագտնելու իր պատմական առաքելությունը և նորից դառնալու հայ ժողովրդի ստեղծագործական ու ազգային ոգու խորհրդանիշ։
     Եռատոնի խորհուրդն այսօր առավել քան երբևէ մեզ պարտավորեցնում է պահպանել ազգային միասնականությունը, ամրապնդել պետականությունը, պաշտպանել մեր պատմամշակութային ժառանգությունը և շարունակել պայքարը հանուն պատմական արդարության, ազգային իրավունքների և հայկական ինքնության պահպանման։
     Խորին երախտագիտությամբ և խոնարհումով հիշում ենք մեր բոլոր հերոսներին ու նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը, Արցախը և հայ ժողովրդի արժանապատվությունը։ Նրանց սխրանքն ու նվիրումը հավերժ կմնան մեր ազգային հիշողության մեջ և կշարունակեն սերունդներին ներշնչել հավատ, ուժ և պատասխանատվություն հայրենիքի հանդեպ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *