Արեֆ․ Իրանն արագ տեմպերով վերականգնում է արտադրական ենթակառուցվածքը, որը վնասվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից

Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը հայտնել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը ձախողել են Իրանի հիմնական արդյունաբերական ճյուղերը թուլացնելու իրենց ռազմավարությունը՝ փետրվարի վերջին երկրի դեմ սկսված 39-օրյա ռազմական ագրեսիայի ընթացքում հիմնական նավթաքիմիական և պողպատաձուլական գործարանները ռմբակոծելով, հաղորդել է Press TV-ն։

Շաբաթ օրը Իրանի ծանր արդյունաբերության ղեկավարների առջև ունեցած ելույթում Արեֆը նշել է, որ ագրեսիայի վերջին օրերին ամերիկա-իսրայելական հարձակումները պողպատաձուլական և նավթաքիմիական գործարանների վրա ակնհայտորեն նպատակ ունեին Իրանում գործազրկություն ստեղծել և տարաձայնություններ սերմանել։

Սակայն նա նշել է, որ Իրանը շտապում է վերականգնել ագրեսիայի ընթացքում վնասված արտադրական ենթակառուցվածքը։

«Վերակառուցման և արդիականացման գործընթացը ընթանում է սպասվածից ավելի արագ տեմպերով, և կառավարությունն էլ կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ այդ գործընթացին աջակցելու համար», – ասել է ԻԻՀ փոխնախագահը։

Պողպատաձուլական և նավթաքիմիական արտադրությունը կազմում է Իրանի ոչ նավթային տնտեսական գործունեության հիմնական մասը։ Այս ճյուղերը նաև ապահովում են երկրում երիտասարդների զգալի զբաղվածությունը։

ԱՄՆ-ը և Իսրայելը հարձակումներ են իրականացրել Mobarakeh Steel-ի՝ Իրանի և Արևմտյան Ասիայի ամենամեծ պողպատաձուլական գործարանի, և Khuzestan Steel-ի վրա՝ վնասելով գործարանների արտադրական և կոմունալ բաղադրիչները։

Հարձակումներ են իրականացվել նաև Պարսից ծոցի ափին գտնվող Ասալույեի իրանական նավթաքիմիական գործարանների ինժեներական կառույցների վրա՝ Իրանի արտահանմանը և արտարժութային եկամուտների հոսքին խոչընդոտելու ակնհայտ նպատակով։

Շաբաթ օրը պողպատաձուլական և նավթաքիմիական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Արեֆը հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածը Mobarakeh Steel-ին թիրախային հարձակում էր, որի նպատակը երկրի տնտեսության մեջ հսկայական դեր խաղացող արդյունաբերական ձեռնարկության թուլացումն էր։ Իրանի վարչակազմի փոխղեկավարը նաև հանձնարարել է արագ պլանավորել և իրականացնել ամերիկա-իսրայելական արշավի հետևանքով վնասված պողպատաձուլական ընկերության ստորաբաժանումների վերականգնման նախագծերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *