Գերմանիայի օդանավակայանները չվերթների զանգվածային չեղարկումներ են կանխատեսում այս ամռանը։ Դա կապված է ավիավառելիքի շուկայում տիրող ճգնաժամի հետ։
«Կան մտահոգություններ, որ կչեղարկվեն նաև այլ չվերթներ, հատկապես՝ ցածրարժեք ավիաընկերությունների և զբոսաշրջիկների շրջանում ավելի քիչ պահանջված ուղղությունները», — WELT AM SONNTAG թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանական օդանավակայանների ասոցիացիայի (ADV) գլխավոր տնօրեն Ռալֆ Բայզելը
«Լավագույն դեպքում 2026 թվականին սպասվում է ուղևորահոսքի լճացում։ Վատագույն դեպքում որոշ օդանավակայաններ կհանդիպեն թողունակության 10 տոկոսով կրճատման։ Ամբողջ երկրի մասշտաբով դա կարող է ազդել մինչև 20 միլիոն ուղևորների վրա», — նշել է ADV-ի ղեկավարը։
Նրա խոսքով՝ նման պարագայում որոշ ուղղություններ կարող են ամբողջությամբ փակվել, իսկ մյուսների դեպքում չվերթները կիրականացվեն ավելի հազվադեպ և զգալիորեն բարձր սակագներով։
Օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ թռիչքների չեղարկումը հնարավոր է ոչ միայն վառելիքի ֆիզիկական պակասի, այլև դրա բարձր արժեքի պատճառով։ «Կերոսինի գները կրկնակի անգամ բարձրացել են մինչպատերազմյան մակարդակից։ Մենք չենք ակնկալում, որ առաջիկա ամիսներին իրավիճակը կկայունանա»,— նշել է Բայզելը։
Նույնիսկ սովորական պայմաններում վառելիքի ծախսերը կազմել են ավիաընկերությունների ընդհանուր գործառնական ծախսերի շուրջ 30 տոկոսը։ Թեև փոխադրողների մեծ մասն օգտվում է գների կտրուկ բարձրացումից ապահովագրվելու մեխանիզմներից, վառելիքի թանկացումը հանգեցրել է նրան, որ բազմաթիվ երթուղիներով թռիչքների իրականացումը դարձել է տնտեսապես ոչ շահավետ։