«ՔՊ»-ն տեղերում մարդկանց վախեցնելն ու ահաբեկելը հիմնականում անում է ՔՊ-ական համայնքապետերի ու գյուղապետերի միջոցով։ Այս գործընթացում ներգրավված են նաև մարզպետները։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։
«Աշխատողներին ստիպել են, ներգրավել են պրոցեսին, ստիպում են հանդիպել մարդկանց հետ, գնալ տներ, սպառնում են, որ աշխատանքից կհեռացնեն։ Սա շատ մեծ ծավալների է հասել։ Արդեն հասել են դպրոցներ և դպրոցների տնօրեններին են սպառնում, նաև մանկապարտեզներին, ուսուցիչներին, մանկավարժներին։ Նրանք ամեն ինչ անում են, որ մարդկանց հեռու պահեն ընտրական գործընթացից, այսինքն՝ գործում է մի հանցավոր սխեմա։ Սա նաև նրա հետևանքն է, որ ՔՊ-ն իր համայնքապետերին ու գյուղապետերին դիտարկում է որպես ձայն հավաքող սուբյեկտներ։ Եվ այս ամենն, իհարկե, տեղի է ունենում ՔՊ-ի վերնախավի կողմից ու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ», – նշել է նա.
Թաթոյանը կոչ է արել մարդկանց չվախենալ համայնքների ղեկավարներից։ «Այդ ՔՊ-ական համայնքապետերին դուք եք դարձրել համայնքապետ։ Ամեն մի մեր քաղաքացու ձայնով են նրանք դարձել համայնքապետ, ու հիմա գան ու ձեզ սպառնա՞ն։ Եվ ընդհանրապես ովքեր են նրանք, որ իրենց այդպես պահեն։ Հենց այս ընտրություններն էլ այդ հնարավորությունն են, որ դուք նորից փոխեք վիճակը։ Նրանք ահավոր վախեցած են ձեզանից։ Իսկ դուք հանկարծ չվախենաք։ Մենք չպետք է վախից ելնելով ընտրություն կատարենք։ Վախը չէ, որ մեր ընտրությունը որոշելու է։ Մենք հանուն հույսի ու հավատի պիտի անենք։ Դուք պաշտպանված եք։ Եվ մենք պետք է ունենանք իշխանություն, որը ձեզ ոչ թե սպառնա, այլ պաշտպանի, որովհետև սա հանուն մեր երկրի ու ապագայի է», – հավելել է Թաթոյանը։