«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 10-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում։
Վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քաղաքի բնակիչների հետ զրույցում նկատել է, որ Հայաստանում չափազանց կարևոր խնդիր է երիտասարդ ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունը։ «Այդ պատճառով մենք առաջարկում ենք յուրաքանչյուր չորրորդ և հաջորդ երեխայի համար մարզերում բնակարան հատկացնել։ Սա իրատեսական է, և մեր առաջարկած ծրագիրը կարևոր է այն առումով, որ այսօր մարզերի երիտասարդությունը ձգտում է լքել ծննդավայրերը։ Կանխատեսումները ցույց են տալիս, որ եթե իրավիճակը չփոխվի, ապա մինչև 2050 թվականը Հայաստանում ավագ սերնդի մասնաբաժինը կկազմի 24,4%»,- նշել է նա։
Երիտասարդների 24%-ը ներգրավված չէ հանրային կյանքում, երիտասարդները չեն կարողանում գտնել իրենց դերը։ Ուստի անհրաժեշտ է հստակ կապ ստեղծել բուհերի և աշխատանքի շուկայի միջև։ Բուհի հեղինակությունը պետք է կախված լինի նրանից, թե ուսումից հետո տվյալ ուսումնական հաստատության քանի դիմորդ կզբաղվի աշխատանքով։
Մենք պետք է վերացնենք ներկայիս ավագ դպրոցի համակարգը, անհրաժեշտ է ներդնել այլ համակարգ․ պետք է լինի 11 դասարան, և դպրոցն ավարտելուց հետո աշակերտները արդեն պետք է ունենան միջին մասնագիտական կրթություն։ Բացի այդ, հետագայում համալսարաններ ընդունվելը չպետք է ծանրաբեռնի մարդկանց ընտանեկան բյուջեն։
Վանաձորը պետք է դառնա երկրի խոշոր կլաստերային կենտրոններից մեկը։ Եվ մեր այցն այստեղ խորհրդանշական բնույթ ունի այդ իմաստով», – նշել է Թաթոյանը։
Նա հիշեցրել է, որ Վանաձորը խորհրդային տարիներին հզոր ձեռնարկություններ ուներ և ներդրում էր ունենում ողջ երկրի տնտեսության զարգացման մեջ։ «Այսօր կա աշխատատեղերի և երիտասարդության զբաղվածության խնդիր։ Վանաձորի խորհրդանիշը կրկին պետք է դառնա աշխատանքը։ Վանաձորից են դուրս եկել բազմաթիվ մեծ մարդիկ, և մենք պետք է վերականգնենք այդ բոլոր ավանդույթները։ Այս քաղաքը միշտ եղել է մտավոր կենտրոն, և մենք պետք է այդ ներուժն օգտագործենք մեր երկրի բարօրության համար», – հավելել է Թաթոյանը։
Նա նշել է, որ ամբողջ երկրում վարորդները դարձել են տուգանքների զոհը՝ հիշեցնելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված բալերը ներկայիս 13-ի փոխարեն մինչև 18 բալի հասցնելու ծրագրերի մասին:
Թաթոյանն ընդգծել է, որ մարդիկ հաճախ չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև, քանի որ վախենում են սպառնալիքներից, և իշխանությունները, նրա խոսքով, ամեն ինչ անում են մարդկանց ընտրություններից հեռու պահելու և հնարավորինս ցածր մասնակցություն ապահովելու համար:
«Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչները Վանաձոր այցի ընթացքում ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակի մոտ։
Այստեղ Արման Թաթոյանը հայտարարել է, որ ոչ ոք իրավունք չունի մոռացության մատնել նրանց սխրանքը։ «Կարևոր է երիտասարդներին փոխանցել ոչ միայն գիտելիք, այլև արժեքներ, ավանդույթներ, հայրենասիրություն։ Մարդիկ որպես գլխավոր խնդիր նշում են անվտանգությունը։ Շատ կարևոր է հզորացնել բանակը, շատ կարևոր է թույլ չտալ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած ողբերգության կրկնությունը։ Եվ դա հնարավոր է ապահովել գրագետ կառավարման միջոցով», – ընդգծել է վարչապետի թեկնածուն։