Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեին «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահիի հետ հանդիպման ժամանակ կարգադրել է շարունակել ռազմական գործողությունները և «ամենայն վճռականությամբ ու ուժով» հակազդել երկրի հակառակորդներին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում անելով շտաբի հայտարարությանը:
Հանդիպման ընթացքում Աբդոլլահին Խամենեիին զեկույց է ներկայացվել Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ, ներառյալ՝ Իրանի բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), իրավապահ և սահմանապահ ուժերը, Պաշտպանության նախարարությունը և «Բասիջ» աշխարհազորային կազմավորումները:
Հրամանատարի խոսքով՝ իրանական զինված ուժերը գտնվում են մարտական բարձր պատրաստվածության վիճակում, տնօրինում են անհրաժեշտ ծրագրերն ու սպառազինությունը, կարող են դիմակայել «ամերիկա-սիոնիստական հակառակորդների» գործողություններին և պատրաստ են օպերատիվ ու խիստ պատասխան տալ ցանկացած «ռազմավարական սխալի, ագրեսիայի կամ ոտնձգության» ժամանակ։
Աբդոլլահին նաև հայտարարել է, որ զինված ուժերը կկատարեն գերագույն առաջնորդի հրահանգները և կպաշտպանեն Իրանի շահերը «մինչև արյան վերջին կաթիլը»։
Խամենեին, իր հերթին, երախտագիտություն է հայտնել զինվորականներին և բարձր գնահատել զինված ուժերի գործողություններն այսպես կոչված «երրորդ պարտադրված պատերազմի» ընթացքում, որը, նրա խոսքով, հանգեցրել է «ապշեցուցիչ հաղթանակների» և թույլ չի տվել հակառակորդներին հասնել իրենց նպատակներին։