Չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող ագրեսիայի և վնասարարության գործողություններին՝ Իրանի զինված ուժերն այնուամենայնիվ գերակայություն ունեն տարածաշրջանում։ Ինչպես փոխանցում է Press TV-ն, կիրակի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԶՈւ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։
«Չնայած Միացյալ Նահանգների սադրանքներին, բարեբախտաբար, նախաձեռնությունը մնում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ձեռքում, իսկ իրանցի մարտիկների մարտունակությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,- նշել է գեներալ Շեկարչին:
Նա նաև զգուշացրել է տարածաշրջանի որոշ երկրների ԱՄՆ «ֆաշիստական» զինված ուժերին աջակցելու բացասական հետևանքների մասին։
«Ցանկացած երկիր, որը գործողություններ կձեռնարկի Իրանի դեմ, կբախվի մեր երկրի զինված ուժերի վճռական պատասխանին»,- ընդգծել է գեներալը: